Կա՛մ 3 մլն տուժող պետք է բերեք, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի. Քոչարյանի պաշտպանը՝ տուժողներին ներգրավվելու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին ներկայացրեց իրավունքներն ու պարտականությունները, ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, որից հետո, ըստ ընթացակարգի, ներկայացվեցին տուժողների և տուժողների իրավահաջորդների պաշտպանները:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այս գործով տուժողներ չպետք է լինեն:

«Անհարգալից վերաբերմունք թող չդիտվի, բայց ընդգծեմ, որ մինչև օրս որևէ գործ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողերի սպանության վերաբերյալ հարց և միայն այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են ներգրավվել որպես իրավահաջորդ: Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական վնասվածքներ ստանալու պարագաների շուրջ, միայն այդ գործով նշված անձինք կարող են հանդես գալ որպես տուժող: Այս գործը քննվում է 301 հոդվածով, որը ՍԴ կարգի տապալում է վերնագրված, և այդ գործով չկա մարդ, որը որ ավելի շատ տուժող է ՍԴ տապալման առումով, քան ՀՀ 3 մլն բնակիչ, այսինքն՝ կա՛մ 3 մլն տուժող պետք է բերեք, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի: Քննվում է նաև առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանքը: Այսօր այստեղ հրավիրված հարգարժան անձանցից ոչ մեկը տուժող չէ և չի կարող լինել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա հետ համակարծիք էր նաև Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ քրեական գործում չկան փաստական տվյալներ, որ տվյալ գործով ներկայացված անձինք տուժել են:

Այս նիստի ընթացքում գործով ներգրավվեցին նաև ամբաստանյալների պաշտպանները:

Ռոբերտ Քոչարյանի շահերը դատավարության ընթացքում կպաշտպանեն փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը և Արամ Վարդևանյանը:

Արմեն Գևորգյանի շահերը կպաշտպանեն փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և Վարդգես Գևորգյանը, Սեյրան Օհանյանի պաշտպաններն են՝ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը, իսկ որպես Յուրի Խաչատուրովի պաշտպան ներգրավվեց Միհրան Պողոսյանը:

 

 

Այս թեմայով
am