ՀՀ ԱԳՆ խնդրի արագ լուծման հույս ունի

Երևանը Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների խնդրի արագ լուծման հույս ունի: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:

Փոխնախարարի խոսքով՝ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ Խորհրդի նիստը, որտեղ այս հարցը քննարկվել է: «Այս հարցը քննարկվում է 2 ուղղությամբ՝ բազմակողմանի և երկկողմանի: Բազմակողմանի այն պատճառով, որ ԵՏՄ-ի մասին Պայմանագիրը նման սահմանափակում չի նախատեսում»,- պարզաբանեց Քոչարյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Քոչարյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: «Եվ մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:

Նշենք, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար: Միաժամանակ, Ռուսաստանում ճանաչվում են ԵՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից, ինչը և հարուցել է Երևանի դժգոհությունը, տեղեկացնում է News.am:

 
Այս թեմայով
am