Հանցագործությունների թիվն աճել է. գրանցվել է կաշառք տալու և ստանալու 214 դեպք, աճել է նաև ՃՏՊ-ների թիվը, որից 131-ը՝ մահվան ելքով. Վիճակագրական կոմիտե

Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է:  ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 14 238, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1435-ով ավելին է:

2019թ. հունվար-հուլիսին 656-ով աճել է ոչ մեծ ծանրության, 339-ով՝ միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 4 482 դեպք:

Ծանր հանցագործությունների թիվը 2 217 է, որը 388-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 168 են, որը նախորդ տարվա համեմատ 52-ով ավելի է:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 364, այդ թվում՝ սպանություն 31 դեպք ( որը 7-ով ավելին է նախորդ տարվա համեմատ), 19 սպանության փորձ,  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու  564 դեպք:  

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 50 -ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 10 դեպք՝ նախորդ տարվա 15-ի փոխարեն:   

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2 141, որը 115-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 174-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և կազմել են 806 դեպք, որից 131-ը ավարտվել է մահվան ելքով: Հաշվետու ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները ավելացել են 23-ով:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բավական մեծ աճ է գրանցվել՝ 7 304 դեպք, որը 1475-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: Պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում գրանցվել է 277 դեպք: 1382 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 6 549 դեպք:

Գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 1 806 դեպք, որը 33-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից: Գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելու 204 դեպք:

2019թ-ի հունվար-հուլիս ամիսներին  կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 214 դեպք է գրանցվել, որը 42-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:

tert.am

Այս թեմայով
am