Ամուլսարի շահագործման որոշումը կբերի վարչապետի հրաժարականի պահանջին. Հայկ Մարտիրոսյան

Եթե Ամուլսարը շահագործվի, երկրի կեսը չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց նաև, որ չկա արբիտրաժի խնդիր. ըստ արբիտրաժի դատարանի՝ եթե կողմերը պայմանագրում չեն նշել, որ իրենց հնարավոր վեճը լուծվել է արբիտրաժով, ապա կողմերը դիմել չեն կարող:

Քաղաքագետն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցով վերջին ուղիղ եթերոն՝ ասելով.

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը մեսիջ էր, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի: Եթե հարգում եք ձեզ, վարչապետի խոսքերից պետք է խորապես վիրավորվեք: Եթե հանքը բացես, անցնում ես մի կարմիր գիծ, որից էլ վերադարձ չկա: Երբ վարչապետն ասում է, որ անգամ հարևանությամբ գտնվող արոտավայրերի խոտի վրա փոշի չի կարող լցվել, և որ դա նույնպես ինքը ճշտել է, սա նշանակում է ուղղակի թքել մարդկանց ուղեղի վրա: Ինչպես կարող է ծանր մետաղական հանքից, որտեղ ծանր տեխնիկա է աշխատելու, հսկայական շարժ է լինելու, փոշին խոտի վրա անգամ չնստել»:

Մարտիրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նաև իր ամբողջ ուղիղ եթերի ընթացքում մեջբերում էր «Լիդիան»-ի ներկայացրած փաստարկները: Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ մի՞թե գողն, օրինակ, մարդուն, ում տնից գողություն է կատարելու, տեղեկացնում է այդ մասին:

Քաղաքագետը պնդում է՝ վարչապետը կտրված է իրականությունից. նա կարծում է, թե ունի ահռելի վարկանիշ, և ինչ էլ ասի, մի զանգված անպայմանորեն ընդունելու և պաշտպանելու է իր ասածները: Կարծիքների վերաբերյալ, թե իրեն սխալ են զեկուցում, Մարտիրոսյանը նշում է, որ նույնիսկ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը վարչապետի վրա է:

«Նա ունի հանքը բացելու հստակ որոշում, և, կոպիտ ասած, թքած ունի բոլորի և ամեն ինչի վրա: Իսկ թե ով ու ինչպես է իրեն զեկուցում, երկրորդական է դառնում»:

Քաղաքագետը չի բացառում նաև, որ վարչապետը կարող է քաղաքացիների վրա բռնի ոստիկանական ուժ կիրառել՝ հանքը բացելու համար.«Այդ որոշումը իր քաղաքական ավարտի վերջը կլինի և կվերածվեի հրաժարականի պահանջի»:

Այս թեմայով
am