Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, և հրաբուխն անխուսափելի է․ Զոհրաբյան

«Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, և հրաբուխը, բոլորիս համար էլ պարզ է, որ անխուսափելի է»։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա պատմեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ թվացել է, որ իրավիճակը «կամ-կամ» է, պետք է ընտրել վատի և ավելի վատի միջև։ Բայց ամեն անգամ, ըստ Զոհրաբյանի, երբ այդ սկզբունքներին են ենթարկվել, լուծումը շատ վատն է եղել։

Ամուլսարի հարցում, ըստ Զոհրաբյանի, իշխանությունները պե՛տք է գտնեն լուծում, որը դուրս է «կամ-կամ» սկզբունքից, պետք է նորից զրուցեն բնակիչների հետ, այլապես ցանկացած այլ լուծում բացելու է Պանդորրայի ակղը։

«Քանի որ արդեն իսկ կոչ հնչեց ապաշրջափակել Ամուլսարը, և կրկին իմ քաղաքական փորձառությունը ինձ հուշում է դրա հնարավոր զարգացումները և հետևանքները … Ոստիկա՛ն, որ թավշյա հեղափոխությունից հետո այլևս մերն ես, ես հույս ունեմ, որ որևէ իրավիճակում, որևէ դեպքում քաղաքացիների, ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվելու։ Սա կոչ է»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը խոստացավ, որ իրենք լինելու են այնտեղ, որտեղ ժողովուրդն է։

Այս թեմայով
am