Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար Գյումրիի ավագանին տարածքի հատկացման որոշում է կայացրել

Ամառային հանգստից հետո Գյումրիի ավագանին վերադարձել է աշխատանքային ռեժիմին և գումարել հերթական նիստը՝ օրակարգային 32 հարցերով, ավագանու 11 բացակա անդամներով: Նախագծերի մեծ մասը դարձյալ վերաբերում էր ֆինանսական օգնությունների տրամադրմանը:

Իսկ հողհատկացման մասին նախագծերից կարևորը, որին սպասում էր հունահռոմեկան ոճի մարզադպրոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզական դպրոցի կառուցման տարածքի հատկացման էր վերաբերում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Ավագանու որոշմամբ` Սախարովի հրապարակի հարակից Մովսես Խորենացի հասցեում մոտ 9 հեկտար տարածքի վրա  կառուցվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց, և այդ նպատակով կառավարությունը հատկացնելու է 480 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականին:

Հիշեցենք, որ Գյումրիի հունահռոմեական մարզադպրոցի, որտեղ մարզվել է Արթուր Ալեքսանյանը, շենքային պայմաները տարիներ շարունակ անմխիթար վիճակում են եղել։ Ամեն տարի թե´ քաղաքային, թե´ մարզային կառույցներում, ընդհուպ մինչև կառավարություն, ներկայացվել է չեմպիոնի մարզադպրոցի վիճակը, բայց որևէ գործնական քայլ չի կատարվել, անգամ մասնակի նորոգումներ չեն եղել։

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց ունենալու համար կառավարությունը այս տարեսկզբին որոշում կայացրեց։  Մարզադպրոցի եռաչափ պատկերն արդեն պատրաստ է:  Ըստ նախագծի` սպորտային համալիրն ունենալու է 1000-տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար: Մարզահամալիրը հագեցած է լինելու ժամանակակից մարզական գույքով:

Մեկ այլ տարածք, բայց վարձակալական հիմունքներով, ավագանին որոշեց հատկացնել «Սպորտ Սիթի» զարգացման հիմնադրամին` խոտի հոկեյի դաշտ կառուցելու համար: 5 հեկտար տարածքը Մուշ 2/2 թաղամասում  է:

Հողհատկացման համար Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը ևս դիմել էր Գյումրիի ավագանուն: Սուրբ Յոթվերք եկեղեցու հետնամասում գտնվող տարածքը մշտական օգտագործման իրավունքով հատկացվեց: Ըստ ներկայացրած նախագծի` տարածքում նախատեսում են կառուցել հասարակական սանհանգույց:

Ավագանու որոշումներով նաև Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին հայտնի մարդկանց, որոնց ավանդը մեծ է եղել ռազմահայրենասիրական դաստիարակության ու մշակույթի զարգացման գործում:

Նրանք անվանի մարդիկ են և ծնունդով շիրակցիներ: Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն են արժանացել  ռազմական գործիչ, գերենալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Այս թեմայով
am