Քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի. դիտորդը՝ ինքնասպանությունների մասին

«Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և ինքնավնասման դեպքեր». ՄԻՊ ներկայացուցչի ու դիտորդների մասնակցությամբ այս թեմայով քննարկում է այսօր հրավիրվել: Բանախոսները կարևորել են այդ հաստատություններում կանխարգելող միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սոցիալ հոգեբանական ու իրավական ծառայությունների մատուցում: Ըստ գնահատականների՝ այդ մասով լուրջ թերացումներ կան:

«2016 թվականին մահվան 29 դեպք է արձանագրվել, 7-ը՝ ինքնասպանություն: 2017 թվականին՝ 17 մահվան դեպք, 2 ինքնասպանություն: 2018 թվականին արձանագրվել է 18 մահվան դեպք, 2-ը՝ ինքնասպանություն: 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 13 դեպք, էլի 2 ինքնասպանություն: ՔԿՀ-ներում շատ դժվար է պատճառները բացահայտելը: Եթե խցում մի քանի հոգի են, պայմանավորվում են, բոլորը ոչ մի բան չգիտեն, ասում են՝ մտել է սանհանգույց, կախված ենք տեսել: Դա քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի»,-ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Ռևազյանը խոսեց նաև ինքնավնասման դեպքերի մասին: Նրա խոսքով՝ այս մասով վիճակագրությունն ավելի մտահոգիչ է:

«2016 թվականին արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք, 2017 թվականին արձանագրվել է 607 դեպք: Ընդ որում՝ 2016 թվականին արձանագրված դեպքերից 250-ը կատարվել է 2 անձի կողմից: Այսինքն՝ այդ անձինք հարյուրավոր ինքնավնասումներ են արել»,-ասաց Ռևազյանը;

Այս թեմայով
am