Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի. Էդգար Առաքելյան

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի այն հոդվածը, համաձայն որի` «իմքայլականները ստիպել են նրան վայր դնել մանդատը»:

«Քանի որ այսօր թերթերից մեկում տեղ գտած անհեթեթ հերյուրանքը առցանց լրատվամիջոցները տարածել են առանց նույն հրապարակման մեջ իմ հերքման խոսքի, անհրաժեշտ եմ համարում ինքս հրապարակել այդ հատվածը.

«Կատարյալ անհեթեթություն է: Չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել և ինչու եք որոշել դրանք հրապարակել, սակայն ձեր հարգարժան ընթերցողների համար ասեմ, որ նման մեծ քաղաքական ամբիցիաներ ունեցող անձը ոչ մանդատից կհրաժարվեր, ոչ էլ առավել ևս ակտիվ քաղաքականության հետ իր կամուրջները կայրեր` հրաժարականի տեքստում նշելով, որ ինքը որոշակի որակների բացակայության բերումով անհամատեղելի է այդպիսի գործունեության հետ:
Ձեր նշած սցենարի իսկության պարագայում ի՞նչը պիտի ինձ խանգարեր դուրս գալ խմբակցությունից և հանդես գալ որպես անկախ պատգամավոր:

Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացել, որ նման պառակտիչ գործունեությամբ զբաղվող անձը հենց նույն ժամանակահատվածում լուսանկար հրապարակի խմբակցության քարտուղարի և տվյալ խնդրահարույց հարցում տրամագծորեն այլ տեսակետ ունեցող գործընկերոջ (Բաբկեն Թունյանի) հետ և այն վերնագրի «Կուռ և միասնական», հետո էլ նույն օրը հարցազրույց տա («Հրապարակ» օրաթերթ, 23-ը օգոստոսի) և հատնի, որ ինքն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի խմբակցությունն այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գա»:

Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի, բացառապես անձնական պատճառներով, որոնց մասին գուցե և մի օր խոսեմ»,- գրել է Առաքելյանը:

 

Այս թեմայով
am