Երազանքներն իրականանում են. «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը կմասնակցի մանկապատանեկան առաջնությանը

Հայաստանում զարկ է տրվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Այն հնարավորություն կտա ապագայում  ունենալ լավ պատրաստված ֆուտբոլիստներ, ովքեր էլ կկարողանան համալրել մեր ազգային հավաքականի շարքերը:

Մարզերում նույնպես սկսել են ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին: Անդրադառնանք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը ներկայացնող «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբին:

Կան երազանքներ, որոնք մեծ ջանքերի գնով իրականանում են: «Կիլիկիայի» ֆուտբոլիստների համար արդեն երազանք էր դարձել Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը մասնակցելը: Սակայն, ինչպես ասում են երազանքները երբեմն իրականանում են: Ակումբը սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Թիմն հանդես է գալու մինչև  15 տարեկանների մրցաշարի Բ2 ենթախմբում, որտեղ ընդգրկված են հինգ թիմ («Լոկոմոտիվ»,  «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Սևան», «Գորիս»): Այժմ նրանք՝ամեն օր մարզվելով, պատրաստվում են առաջիկա հանդիպմանը:

««Կիլիկիա» ակումբը առաջին անգամ է մասնակցում մանկապատանեկան առաջնությանը: Մեծ լրջությամբ ենք մոտենում մարզումներին, քանզի այն խմբում, որտեղ մենք ենք հանդես գալու կան բավականին լավ պատրաստված թիմեր: Այժմ մեր գլխավոր նպատակն է լավ ներկայանալ խաղերին և ձգտել խմբում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասաց թիմի գլխավոր մարզիչ Մակիչ Բզնունին:

Թիմում կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, որոնց հնարավորություն է տրվելու ցույց տալ իրենց լավագույն որակները:

«Հույս ունենք, որ, առաջին անգամ մասնակցելով մանկապատանեկան առաջնությանը, կկարողանանք լավ հանդես գալ: Մեր թիմի համար կարևորը լավ ֆուտբոլ ցուցադրելն է և ամեն խաղից հետո մեր խաղամակարդակը բարելավելը: Կարծում եմ ֆուտբոլում կարևորը թիմային աշխատանքն ու հաղթելու ձգտում ունենալն է, ինչը մեր թիմում կա»,- ասաց թիմի կենտրոնական հարձակվող Հայկ Գևորգյանը:

«Կիլիկիայի» հենակետային կիսապաշտպան Նարեկ Զախարյանն էլ նշում է, որ չնայած մոտ չորս տարի է, ինչ մարզվում են, սակայն այս տարին իրենց համար շատ կարևոր է, որովհետև իրենց ձգտումը միշտ եղել է մանկապատանեկան առաջնությանը մասնակցելը և դա իրականացել է: Ըստ Նարեկի՝ սա լավ հնարավորություն է ցույց տալու իրենց չորս տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը:

Ավարտելով մեր զրույցը թիմի ֆուտբոլիստների և մարզչի հետ, հետևեցինք նրանց մարզմանը և հաջողություն մաղթեցինք առաջիկա խաղերում:

Հավելենք, որ «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը ֆինանսավորում է, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, բարերար Ռուբեն Շահինյանը:

Աննա Բզնունի

 

Այս թեմայով
am