Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ

Սենսացիոն տեղեկություն տարածվեց օրերս Վրաստանից։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հերթական աղմկահարույց որոշումը քննադատության ալիք է բարձրացրել: Ֆրանսիացի նախկին դիվանագետը, որը Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա դեկտեմբերից, անվտանգության և պաշտպանության հարցերով իր խորհրդականի պաշտոնը վստահել է խորհրդային ԿԳԲ-ի` Անվտանգության պետական կոմիտեի նախկին սպա Դմիտրի Լեժավային: Ընդ որում, հանրությունն այդ մասին տեղեկացել է պատահաբար՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության և նախագահական աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Ըստ տարբեր աղբյուրների, Լեժավան ԿԳԲ-ում աշխատել է 1983 թվականից, երբ ԽՍՀՄ-ը ղեկավարում էր Յուրի Անդրոպովը, մինչև Խորհրդային Միության փլուզումը:
Արևմտյան ռազմական դաշինքին անդամակցության ձգտող Վրաստանի անվտանգության ոլորտի մասնագետները լուրջ մտահոգություններ ունեն խորհրդային հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նշանակման կապակցությամբ: «Անհասկանալի է, թե ինչու նախագահը չի ընտրում երիտասարդ, Արևմուտքում փայլուն կրթություն ստացած սպաների, փոխարենը նախապատվությունը տալիս է Խորհրդային Միության հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցչին», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ վրացական լրատվամիջոցների հետ զրույցներում հարց են հնչեցնում փորձագետները: «Նա զինվորական չէ, և տարօրինակ է ԿԳԲ-ի սպայի նշանակումը նախագահի խորհրդականի պաշտոնում: Կարծես հատուկ քաղաքականություն է իրականացվում ՝ Խորհրդային Միության հետ կապ ունեցող հին կադրերին պաշտոնները վերադարձնելու», - «Գրուզիա օնլայն» պարբերականի հետ զրույցում տարակուսանք է հայտնել անվտանգության հարցերով փորձագետ Պաատա Գիգաուրին:

Մեկ այլ փորձագետ՝ Թեոնա Ակուբարդիան էլ նշել է, թե անվտանգության ոլորտի մասնագետների տեսանկյունից Վրաստանում կադրերի պակաս չկա, ինչ վերաբերում է Լեժավայի փորձառությանը, որ նա ստացել է Խորհրդային Միությունում, այն բացասական է: «Հարց է ծագում` երբ խորհրդային ԿԳԲ-ից խորհրդականի ես բերում, ի՞նչ օգուտներ պետք է նախագահը քաղի այդ անձից, մանավանդ որ այդ անձն է նախագահին ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդում», - նշել է Ակուբարդիան:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն ավելի կոշտ են արտահայտվում՝ հիշեցնելով, որ «նախկին ԿԳԲ-ականներ չեն լինում»։

Այս աղմկահարույց նշանակման շուրջ կոշտ քննադատությանը Վրաստանի իշխանությունները, ինչպես նաև Լեժավան առայժմ չեն արձագանքել: Նախագահը, ըստ վրացական լրատվամիջոցների, նախընտրել է անտեսել այդ մասին լրագրողների հարցերը, Զուրաբիշվիլիի աշխատակազմը միայն հայտարարել է, թե «թեկնածուն ընտրվել է իր մասնագիտական որակների հիման վրա»:

Այն, որ Բիձինա Իվանիշվիլի-ռուսական իշխանական վերնախավ շահեր կան՝ դեռ ի սկզբանե էին խոսակցություններ շրջանառվում: Այժմ, փաստորեն ֆրանսիական վերնախավի հետ կապեր ունեցող Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ուշագրավ մեկնարկ՝ ռուսական ազդեցության մասին:

hayeli.am

Մետաքսյա Շալունց

Այս թեմայով
am