Ջոնսոնը եւ Մակրոնը իրենց մաչո են երեւակայում. Ֆրանսիացի նախագահը քիչ էր մնում պոկեր բրիտանացի վարչապետի ձեռքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի երեկվա հանդիպումը պետք է որ ցավոտ լիներ, Daily Telegraph-ում նշում է Մայքլ Դիքոնը: Եվ խոսքը ոչ թե «բրեքսիթի» մասին է, այլ ընդամենը ձեռքսեղմման:

Մակրոնի դեպքում միշտ է այդպես: Կարեւոր չէ, թե նրան կոնկրետ որ առաջնորդն է այցելում: Ֆրանսիացի նախագահը վստահ է, որ պետք է հստակ ցույց տա, որ այստեղ տերն ինքն է: Նրա մարմնի շարժումները զարմանալի են: Նա անչափ ագրեսիվ է երեւում, անգամ երբ ցանկանում է սիրալիր թվալ, փոխանցում է BBC-ն:


Նա ագրեսիվորեն թափահարում է ձեռքերը: Նա ժպտում է, բայց նույնպես ագրեսիվորեն: Սակայն նույնիսկ Մակրոնի ստանդարտներով Ջոնսոնի հետ հանդիպումը զարմանալի էր: Նա անմիջապես բռնեց Բորիսի ձեռքը եւ սկսեց այն ոչ այնքան սեղմել, որքան ճզմել: Դժվար է հասկանալ, թե ինչպես Ջոնսոնի ձեռքը չպոկվեց:

Այս ամենը բավականին երկար տեւեց: Մակրոնը Ջոնսոնի ձեռքը սեղմում ու սեղմում էր, մինչեւ նրանք հավաքված լրագրողներից մեկ կամ երկու մետր հեռավորությամբ չհայտնվեցին: Միայն այդ ժամանակ Մակրոնը նրան բաց թողեց:

Բայց բանը դրանով չսահմանափակվեց: Հենց Բորիս Ջոնսոնը բերանը բացում էր, Մակրոնը չափից ավելի ակնդետ էր նրան նայում՝ ոչ մի անգամ աչքերը չթարթելով: Նա ժամանակ առ ժամանակ ժպտում էր, սակայն նրա ժպիտը նման էր շնաձկան բերանի, որը հենց նոր նկատել է ակներեւորեն համեղ լողորդին, հայտնում է պարբերականը:

Բայց Բորիս Ջոնսոնը չի հանձնվել: Նա նույնպես որոշեց իրեն մաչո երեւակայել՝ սեղմում էր բռունցքները, առաջ էր տանում ստորին ծնոտը եւ ավելի ու ավելի լայն էր բացում ոտքերը, այնպես, որ ինչ-որ պահի թվում էր, թե նա շուտով շպագատ կբացի: Այնպես որ՝ նման խաղեր կարող են խաղալ շատերը, նշում է հեղինակը:

Այս թեմայով
am