Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին

Ռուսական «Սբերբանկը» հայտարարել է, որ 7 տարի ժամկետով 400 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանի կառուցման համար: 2015-ին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական օդանավը, Ռուսաստանը դադարեցրել էր Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները:

Անցյալ տարվա ապրիլ ամսին Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշեցրեց Ակկույու ատոմակայանը․ «Այսօր բարեկամ Պուտինի հետ միասին Ակկույույում 20 միլիարդ դոլար արժեք ունեցող ատոմակայանի շինարարական արարողության ենք մասնակցելու, որը մեծ կարեվորություն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից»։ Ակկույուն գործարկվելուց հետո արտադրելու է Թուրքիայի էլեկտրականության 10 տոկոսը։

Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ համագործակցությունը վաղուց արդեն տնտեսական չէ, այն քաղաքական է։ Շատ կարևոր է մեկ հանգամանք՝ Թուրքիան այս գործարքի համար ոչ մի ֆինանսական պարտավորություն չի ստանձնել: Այսինքն, ամբողջ ներդրումը՝ միլիարդ դոլարներ, իրականացվելու է Ռուսաստանի բյուջեի հաշվին: Այսինքն, Ռուսաստանը գնացել է այդ քայլին, վստահաբար ունենալով իր շահը՝ ասել է թե՝ իսկական քաղաքական գործարք։

Անցյալ տարի ապրիլ 3-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինն իր առաջին օտարերկրյա այցը կատարեց Թուրքիա: Ուղիղ հեռարձակմամբ ռուսաստանյան ԶԼՄ-ները ներկայացնում էին Անկարայում նախագահական պալատում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը:

Պուտինն ու Էրդողանը մասնակցեցին Թուրքիայի առաջին ատոմակայանի հիմնարկեքին՝ այն դիտելով հեռարձակմամբ Էրդողանի պալատից: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ չնայած ոչ վաղ անցյալում լարմանը, չնայած այսօր էլ որոշ խնդիրներում առկա հակառակ դիրքորոշումներին, ավելի ու ավելի են սերտանում:
«Պատմական» նախագիծը խոսուն էր։ Չորս բլոկից բաղկացած՝ 4800 մեգավատտ հզորությամբ այդ ատոմակայանը, ըստ նախնական հաշվարկների, շահագործման կհանձնվի 4 տարի անց: Շինարարության համար կծախսվի շուրջ 20 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը:
Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին: Պուտինը վստահեցրել է, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2023-ին:

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով՝ Ակույյու ԱԷԿ-ի նախագիծը, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի կողմից, հսկայական նշանակություն ունի ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Իսկ Մոսկվայի համար՝ այս ծրագրով Ռուսաստանը տեղ է զբաղեցնում Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման ակունքներում և նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները: «Այս մասշտաբային և նորարարական ծրագրի կարևորությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, այսօր մենք ոչ միայն Թուրքիայում առաջին ատոմակայանի հիմնարկեքին ենք մասնակցում, այլև առհասարակ Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման հիմքն ենք դնում: Մենք սկսում ենք նոր ոլորտի ստեղծումը»,- դեռ անցյալ տարի նշել էր Վլադիմիր Պուտինը:

hayeli.am

Այս թեմայով
am