Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ․ իշխանության նոր պլանը

Politik.am-ը գրում է.
 

Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ:

Նշվում է, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը Ազգային Ժողովում հայտարարեց, որ ՍԴ է մտնում որպես դատարանի նախագահ։ Չնայած Վահե Գրիգորյանի բոցաշունչ մեկնաբանությանը՝ իրավաբանական հանրությունը չընդունեց իր հայտարարությունը, ավելին՝ շատերը դատապարտեցին նրա հակասահմանադրական հայտարարությունը։ Ի վերջո, Վահե Գրիգորյանը ստիպված եղավ չպահել խոստումը եւ ՍԴ մտավ որպես դատավոր։


Ակնհայտ է, որ այս գործընթացը Վահե Գրիգորյանը պլանավորել էր քաղաքական իշխանության հետ եւ նպատակն էր ազատվել իշխանությունների համար ոչ ցանկալի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից։ Վահե Գրիգորյանի սցենարի տապալումից հետո իշխանությունները անցան այլ մարտավարության՝ փորձ արվեց իրավապահ համակարգի միջոցով չեզոքացնել Հրայր Թովմասյանին։ Այս սցենարը, կարծես, եւս հնարավոր չեղավ կյանքի կոչել։

Օրերս, սակայն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը նորից ակտիվացրեց Սահմանադրական դատարանի հարցը։ Այս անգամ իշխանական թերթը հիշել էր, որ ՍԴ-ն փոխնախագահ չունի՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքը նախատեսում է նման պաշտոն։ ՍԴ-ի պատասխանում հստակ նշվել էր, որ օրենքի խախտում չկա, եւ երբ կլինի առաջադրում, իրենք կընտրեն կամ չեն ընտրի ՍԴ փոխնախագահ։

Իշխանությունների պլանը հետեւյալում էր՝ նրանք փորձում են համոզել Հրայր Թովմասյանին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին դարձնի փոխնախագահ։ Վահե Գրիգորյանի՝ փոխնախագահ դառնալուց հետո ԱԺ-ում արդեն ընդունված կլինի Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կասեցնել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, եթե նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ։

Ըստ ամենայնի, Թովմասյանը չի համաձայնել Վահե Գրիգորյանի՝ փոխնախագահ դառնալու գաղափարին, եւ դա է պատճառը, որ իշխանությունները շտապել են քրեական գործի հարցում։ Երեկ արդեն հարուցված քրեական գործի մասին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որը, ըստ ամենայնի, վերաբերում է Հրայր Թովմասյանին։ Ըստ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան զրկել է մի քանի նոտարական գրասենյակի ղեկավարների իրենց գործունեության տարածքից։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցներից մեկում խոսել էր այս գործի մասին եւ կոնկրետ նշել էր Հրայր Թովմասյանի անունը։

Սպասելի է, որ կոնկրետ Թովմասյանին այս գործում կներգրավեն որպես մեղադրյալ այն ժամանակ, երբ վերը նշված օրենքի փոփոխությունը կյանքի կոչված լինի, որպեսզի նրան նաեւ զրկեն ՍԴ դատավորի/նախագահի լիազորություններից։

Այս թեմայով
am