Վերաքննիչ դատարանում դռնփակ քննվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործով բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Մարդանյանի, այսօր սկսվել է Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործով բողոքի քննությունը:

Դատավորը գործը վարույթ ընդունելիս այն դռնփակ անցկացնելու որոշում է կայացրել, ուստի նիստի ընթացքում այս հարցն այլևս քննարկման առարկա չի դարձել: Կարեն Մարդանյանը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն հարցի քննությունն առաջին ատյանի դատարանում եղել է դռնփակ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Լյովա Սարգսյանի պաշտպանը ներկայացրել է գույքի վրա կալանք դնելու որոշումն օրինական համարելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը:

Գործով դատախազը ներկայացրել է բողոքի վերաբերյալ առարկություններ, ինչից հետո նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 5-ը:

Լյովա Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու մեջ: Հարուցված քրեական գործով անցնում են նաև նրա որդին և դուստրը: Վերջիններիս գույքը նույնպես կալանքի տակ է, և նրանց վերաբերյալ որոշումները ևս բողոքարկվել են:

Ըստ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ Հայաստանում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:

Նշենք, Լյովա Սարգսյանի նկատմամբ արդեն մեկ տարուց ավելի է՝ հետախուզվում  է հայտարարված: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սարգսյանն օրինական կարգով է լքել Հայաստանի սահմանը՝ նախքան գործով որպես մեղադրյալ ներգրավվելը: Վանեցյանը  հայտնել է նաև, որ «Սարգսյանն արաբական երկրներից մեկում է, սակայն նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ»:

Լյովա Սարգսյանը, ի դեպ, չի ներկայացրել նաև 2018-ին պաշտոնեական լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:

«Հետք»-ն ավելի վաղ գրել է  այն մասին, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այս հանգամանքով պայմանավորված՝ նրա նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել:

Այս որոշումը ևս Սարգսյանը բողոքարկել է դատարանում:

Այս թեմայով
am