«Չեմ կարծում, թե Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել». Ալեն Սիմոնյան

«Չեմ կարծում, որ Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել: Կոնկրետ շահառու կողմեր կան: Ես վստահ չեմ, որ հանրաքվեից հետո ևս շահարկումներ չեն լինի:

Ինչ ասես կարող են ասել, սկսած նրանից, որ հանրաքվեն կեղծված է, վերջացրած նրանով, թե այն ճիշտ չմատուցվեց: Ես վստահ չեմ, որ դա լուծում է, որովհետև չեմ տեսնում այն իրավիճակը, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են, որ հանքը չպետք է շահագործվի, կհամաձայնեն, որ հանքը շահագործվի

: Որևէ պայման, իրավիճակ միևնույն է, նրանց չի համոզելու: Որոշ մարդկանց համար այդ թեման դարձել է թրենդային. նույնիսկ չիմանալով՝ Ամուլսարը որտեղ է, դեմ են Ամուլսարին: Համարում եմ, որ դա անիմաստ թեմա է». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջին 2 օրերին համացանցում քննարկվում է Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու թեման:

Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ ինքը որպես ԱԺ ներկայացուցիչ, կառավարության ղեկավարի հետ այդ հարցը չի քննարկել: Իսկ վարչապետ Ն.Փաշինյանը հարցի վերաբերյալ իր կարծիքն արդեն հայտնել է:

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Իսկ տեղական հանրաքվեի դեպքում այն անցկացնելու նախաձեռնությունը, ըստ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի, ունեն հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը:

1991թ. ի վեր ՀՀ-ում անցկացվել է համապետական 3 և տեղական 20 հանրաքվե: Համապետականներն անցկացվել են Սահմանադրական փոփոխությունների, տեղականները՝ համայնքների միավորման հարցով:

Այս թեմայով
am