Ամուլսարի հարցում Փաշինյանը չունի քաղաքական կամք՝ չենթարկվելու ճնշումներին. քամին որ կողմից փչում է, այդ կողմում էլ կանգնում է. Արթուր Դանիելյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Արթուր Դանիելյանը՝ Ամուլսարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Վարչապետ Փաշինյանն իր իսկ ստեղծած ծուղակներից մեկի մեջ է ընկել, իր իսկ դրած ականներից մեկի վրա պետք է պայթի, քանի որ ժամանակին չէր գիտակցում, որ կարճատես պոպուլիստական, երեսպաշտական իր վարքագիծը ուշ թե շուտ լուրջ խնդիրներ է առաջացնելու, իսկ դրանք սկսեցին առաջանալ ոչ թե ուշ, այլ բավականին շուտ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ադեկվադ» ՀԿ համահիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը:

«Ամենայն անկեղծությամբ եմ ասում, չգիտեմ՝ իրադարձությունները ինչպես են զարգանալու, որովհետև մի կողմից կան ներդրողներ, որոնց մեջքին կանգնած է ԱՄՆ կառավարությունը, մյուս կողմից՝ կան բնապահպաններ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են նույն ԱՄՆ և ԵՄ կառավարությունների կողմից: Երրորդ կողմից կան սորոսական «գրանտակերները», որոնք, ինձ համար դեռևս անհասկանալի պատճառներով, առճակատման են դուրս եկել Փաշինյանի հետ: Չորրորդ կողմում կան բոլոր նրանք, որոնք ընդդիմանալով Փաշինյանի անձին՝ առիթը չեն կորցնում սպեկուլյացիաներով զբաղվելու այն նույն ոճով, որով Փաշինյանն է արել վերջին 20 տարվա ընթացքում: Այսինքն՝ իրավիճակը անհասկանալի է, ըստ այդմ՝ անկանխատեսելի: «Ադեկվադ» ՀԿ-ն իր դիրքորոշումն այս հարցով ներկայացրել է»,-նշեց Արթուր Դանիելյանը: 

Ըստ «Ադեկվադ» ՀԿ-ի՝ մենք պետք է ձգտենք հանքանյութը, հումքը Հայաստանում մշակել, այնուհետև վերջնական պրոդուկտի տեսք ունեցող արտադրանքը արտահանենք արտաքին շուկան:

«Այ, սա կլիներ իրոք բարեփոխում: Կամային հատկություններ ունեցող առաջնորդի վարքագիծ կլիներ այն, որ նա ասեր՝ մեզ պետք է այդ հանքը, բայց ես ձեզ խոստանում եմ, որ այդ հանքի հումքը Հայաստանում կմշակվի այնքան, որ մաքսիմալ ավելացված արժեքով արտահանվի և մեր տնտեսությունը մաքսիմալ օգուտ տա, ինչն, իհարկե, այդպես չի լինի»,-նկատեց Դանիելյանը:

Վարչապետը նշում է, որ եթե ՀՀ կառավարությունը ճնշումների ենթարկվեր, ապա Ամուլսարի շուրջ բոլորովին այլ իրադարձություններ կլինեին, արդյո՞ք ՀՀ կառավարությունը ճնշումների ենթարկվում է, Դանիելյանը պատասխանեց՝ վստահ է, որ ՀՀ կառավարությունը ենթարկվում է ճնշումների՝ ստանալով հրահանգներ:

«Այն որոշումները, որոնք ներկայացնում է վարչապետը, որ հանքը, համենայն դեպս, կփորձի շահագործել, նշանակում է՝ ՀՀ կառավարությունը այդ հրահանգների, ճնշումների ներքո է այդ որոշումները կայացրել: Հետո, եթե հակառակ կողմից ճնշումն ավելի մեծ լինի, ուրեմն՝ հակառակ կողմի ճնշումներին կտրվի այնքան ժամանակ, մինչև կունենա իշխանական ռեսուրս, որը սպառվել է: Այդ մարդը չունի քաղաքական կամք՝ չենթարկվելու քաղաքական ճնշումներին, ընդհակառակը՝ քամին որ կողմից փչում է, այդ կողմում էլ կանգնում է՝ չհասկանալով, որ այդ վարքագիծը շատ արագ սպառելու է իշխանական բոլոր ռեսուրսները»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է հարցին՝ ՔՊ-ի ներսում Ամուլսարի հարցում կա՞ տարակարծություն, Դանիելյանն ասաց՝ չի կարծում, թե սա ՔՊ-ի ներսում հանգեցնի ընդդիմության ձևավորման. «ՔՊ-ն պետք է լինի կառույց, ՔՊ-ն երբեք կառույց չի եղել, այն «պսևդոկուսակցություն» է: Դա մի հիմնարկ է, որտեղ տարբեր պատճառներով նախկին իշխանություններից նեղացած մարդիկ միավորվել են՝ պայքարելու ՀՀ-ի դեմ: Ըստ այդմ, ես չեմ կարող ասել՝ դասական քաղաքագիտական առումով ՔՊ-ում կարո՞ղ է տեղի ունենալ ֆրակցիոնիզմ կամ ՔՊ-ի ներսում ընդդիմություն տարանջատվի, որովհետև մեծամասամբ ՔՊԿ անդամները և էդ կուսակցության միջոցով մանդատներ ստացած անձինք որևէ գաղափարախոսության կրողներ չեն. այն գաղափարները, որոնք արտահայտում են, ներմուծված կեղծ գաղափարախոսությունների հետևանք են: Նույնիսկ եթե ինչ-որ խմբավորում տարանջատվի, օրինակ բնապահպանական հողի վրա, դա ինձ համար նույնպես ֆրակցիոնիզմ կամ ընդդիմություն չի լինի, դա ընդամենը քաղաքական ավանտյուրիստների ևս մի խմբակ է լինելու, որ հին ավանտյուրիստներից տարանջատվելու են: Սա կլինի ևս մի քաղաքական արկածախնդիրների խմբակ»:

Այս թեմայով
am