«Մարտի 1»-ի գործը քնած է, առաջադրված մեղադրանքներն էլ վիճելի են. Զարուհի Փոստանջյան

«Մարտի մեկի» գործը ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահին է քնած։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի ընթացքին։

«Մարտի մեկի գործը ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահին է քնած, սպանությունների համար որևիցե մեկին մեղադրանք չի առաջադրվել, իսկ այն մեղադրանքները, որոնք հրապարակվել են, կապ չունեն այս սպանությունների հետ, դրանք վիճելի մեղադրանքներ են»,–ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ ներկայումս գործի բացահայտման համար ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է տեղի ունենում։

Անդրադառնալով BBC–ի ռուսական ծառայության կողմից «Մարտի մեկի» վերաբերյալ հայտնի հրապարակմանը, փաստաբանն ասաց.

«Ցանկալի չէ, որ նման հոդվածներով Հայաստանում նախաքննություն տեղի ունենա։ Ես վաղուց եմ ասել, որ «Մարտի մեկի» գործը պետք է քններ անկախ մարմինը, ոչ թե կողմ հանդիսացող ՀՔԾ–ն, քանի որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի մեկի» գործով կողմ է, և այդ կողմը չի կարող լինել օբյեկտիվ»,–ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարությանը, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ՍԴ ներկայիս կազմը Քոչարյանի գործի հետ կապված որոշում չկայացնի, Զարուհի Փոստանջյանն ասաց.

«Եթե մենք հետևում ենք իշխանությունների փաստաբանի դերը ստանձնած Գագիկ Ջհանգիրյանին, ապա նրա հանրահայտ խոսքերը, որ ՍԴ–ն այս կազմով չպետք է քննի այդ գործը, ապա հասկանում ենք, որ դա իրապես միմյանց հետ կապ ունեցող գործընթացներ են, եթե ոչ, ապա այս ամենը տեղի չէր ունենա նման ձևաչափով»։

Լուրեր

Այս թեմայով
am