Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. Առողջապահության նախարարություն

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, դրանց անվտանգ գործածությունը սահմանված է առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոններով և նորմերով:

Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ:

Թափոնների ցանկացած տարողություն կամ բեռնարկղ, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ` դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն:

Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված և մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն և վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից:

Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել նշված սանիտարական կանոնների պահանջները և հիշեցնում, որ սանիտարական կանոնների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական տույժ:

Այս թեմայով
am