Պուտինին եթերում հայհոյած վրացի հաղորդավարը հրաժարվել է ներողություն խնդրել

Աշխատանքից հեռացված վրացի լրագրող Գեորգի Գաբունիան հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար, գրում է lenta.ru-ն:

«Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել իմ արարքի համար»,- ասել է Գաբունիան խորհրդարանի շենքի մոտ, որտեղ երեկ հավաքվել էին վերջին շրջանում սկանդալների կենտրոնում հայտնված վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի՝ աշխատանքից հեռացված լրագրողները:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ դա իր կողմից շատ «կտրուկ» արարք էր, հենց նման կերպ է նա փորձել իր կարծիքը տեղ հասցնել:

Գաբունիան նաև պատմել է, որ մտադիր է «մոտավորապես նույն ոճի» ծրագիր թողարկել «Մթավարի արխի» հեռուստաալիքով, որը հիմնել է «Ռուսթավի 2»-ի՝ պաշտոնից ազատված գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

Օգոստոսի 20-ին հեռուստաալիքի նոր ղեկավար Պաատա Սալիան աշխատանքից ազատել է մի խումբ լրագրողների, այդ թվում՝ Գեորգի Գաբունիային:

Հուլիսին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել էր հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային:

Դրանից հետո հեռուստաալիքի ղեկավարությունը փոխվել է:

Ի դեպ, երեկ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել և կրկին իր ուղիղ եթերի պատճառով: Երեկ երեկոյան լուրերի գլխավոր թողարկումն ընդհատվել է: Հաղորդավարներ Դիանա Ջոջուան ու Միխեիլ Սեսիաշվիլին ուղիղ եթերում հայտնել են, որ իրենք լքում են հեռուստաալիքը, որտեղ աշխատել են ավելի քան 10 տարի:

«Այդ ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք ազատության տարածք, այսօր «Ռուսթավի 2»-ում դա չկա, այդ իսկ պատճառով մենք հեռանում ենք հեռուստաալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության: Կհանդիպենք այլ տարածքում և այլ հեռուստաալիքում»,- հայտնել է Ջոջուան:

Դրանից հետո լուրերի թողարկումն ընդհատվել է:

Այս թեմայով
am