Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Եվ այսպես, Միքայել Մինասյանն իր վերջին հարցազրույցում կանխատեսել (կամ վստահություն է հայտնել), թե իշխանություններն առաջիկայում ձերբակալելու են Սերժ Սարգսյանին՝ հասարակության ուշադրությունը եւս որոշ ժամանակով «իրական խնդիրներից» շեղելու համար: Նաեւ այդ խնդիրներն է թվարկել՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա եւ Արցախի շուրջ զարգացումներ: Ափսոս միայն, որ աներոջ հետագա ճակատագրի հարգարժան գուշակը չի հստակեցրել, թե հատկապես որ քրեական գործի շրջանակներում է տեղի ունենալու այդ «մեգաձերբակալությունը»:

Բայց խնդիրն, իհարկե, դա չէ: Խնդիրն այն է, թե որոնք են իսկապես «իրական խնդիրները», եւ որոնք՝ արհեստականորեն ուռճացված եւ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով օգտագործվող թեմաները: Բանն այն է, որ հասարակական հետաքրքրության տեսանկյունից նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումն ու մեղավորներին պատժելը եւ, ասենք, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելը համադրելի չեն: Ակնհայտ է, որ հասարակության համար նախկինում կատարված հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելը շատ ավելի կարեւոր է: Ընդ որում՝ խնդիրն ամենեւին էլ վրեժխնդրությունը կամ ինչ-որ մարդկանց անպայման ճաղավանդակների ետեւում տեսնելը չէ, խնդիրն այն է, որ անցյալի չփակված էջերը թունավորում են ներկան, եւ առաջ շարժվելուց առաջ պետք է մեկառմիշտ վերացնել անցյալի հետ կապված հարցականները:

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ իրականում Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը. այն է՝ նախկին իշխանությունները հասարակության ուշադրությունն իրենց կատարած հանցանքներից շեղելու նպատակով օրակարգ են բերում ու արհեստականորեն ուռճացնում տարբեր թեմաներ՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, «մարիխուանայի օրինականացման փորձ», «տրանսգենդերների ակտիվացում» եւ այլն: Ընդ որում՝ հարցերը ներկայացվում են այնպիսի դրամատիկ շեշտադրումներով, ասես դրանցից յուրաքանչյուրի ընթացքից է կախված հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Նախկինների քարոզչական հարայհրոցից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընտանեկան բռնության դեմ պայքարն, օրինակ, շատ ավելի մեծ վնաս է հասցնում հայոց պետականությանը, քան այն, որ տասնամյակներ շարունակ պետության ղեկը ստանձնածները զբաղվել են բացառապես իրենց բիզնեսներով, կեղծել են ընտրությունները, սեփական իշխանությունը պահպանել են ժողովրդի արյան գնով ու միլիարդներ են կուտակել՝ այդ թվում նաեւ առաջնագծի զինվորների օրապահիկների հաշվին, իսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ պարզապես արտագաղթել են երկրից: Եթե այսպես շարունակվի՝ սրանք երեւի շուտով բաց տեքստով կհայտարարեն, թե «էս ինչո՞վ եք զբաղված, բյուջեի հաշվին խալի լվանալու նման կարեւորագույն հարցերը թողած՝ ընկել եք մանր-մունր հարցերի ետեւից, թե ինչ է՝ ինչ-որ նախկին պաշտոնյաներ մի քանի միլիարդ դոլար են գողացել, զորք-բան են բերել ու մի թեթեւ կրակել ժողովրդի վրա, մի երկու ընտրություն-բան են կեղծել... գործո՛վ զբաղվեք, գործո՛վ»:

Զավեշտն այն է, որ այս քարոզչությունն իսկապես էլ ոմանց վրա ազդում է: Մարդիկ կամաց-կամաց մոռանում են, որ Միքայել Մինասյանի նշած երեք «իրական խնդիրներն» էլ Սերժ Սարգսյանի ժամանակներից են գալիս: Ստամբուլյան կոնվենցիան նրա օրոք է «ցրցամ տրվել», Ամուլսարի շահագործումը նրա օրոք է սկսվել, Արցախի հարցում էլ Սերժ Սարգսյանն է բազմիցս անուղղակիորեն հայտարարել, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», ու հայկական կողմը պատրաստ է որոշակի պայմանների դիմաց վերադարձնել ազատագրված տարածքների առնվազն մի մասը: Հիմա պարզվում է, որ նոր իշխանությունները պարտավոր են Սերժ Սարգսյանին հանգիստ թողնել ու զբաղվել բացառապես նրա գործունեության հետեւանքները շտկելով:

Իշխանություններն, ի դեպ, հենց դրանով էլ զբաղված են: Իսկ նախկիններով զբաղվել-չզբաղվելը բացառապես իրավապահների գործն է:

Սկզբնաղբյուր՝ armtimes.com

Այս թեմայով
am