Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում  Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում  ենք,  որ  համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով
am