«Մեր սքանչելի երկրները պետք է միասին ապրեն». ինչպես է անցել Մակրոնի և Պուտինի հանդիպումը

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մարսելում գտնվող ամառային նստավայրում կայացել է նրա և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մի շարք թեմաներ են քննարկել՝ երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է РИА Новости-ն:

Պարբերականը նշում է, որ վերջին տարիներին Մակրոնի ու Պուտինի բանակցությունների թեմաները գրեթե անփոփոխ են: Մակրոնը պարբերաբար կոչ է անում բարձր մակարդակով «նորմանդական ձևաչափով» բանակցություններ կազմակերպել, սակայն կողմերը հասկանում են, որ առայժմ այդ մասին խոսք չի կարող լինել:

«Մեր ամբողջ պատվիրակությանը նստեցրեց ստվերում, իսկ ինքը նստեց արևի տակ, դրա համար էլ կփորձեմ կարճ կապել, չնայած որոշ բաներ ստիպված ենք այնուամենայնիվ կրկնել»,- ասել է Պուտինն իր ֆրանսիացի պաշտոնակցի մասին: 

Լրագրողների հետ զրույցում Մակրոնը հայտնել է, որ հանդիպման թեմաները կլինեն աշխարհում տիրող բոլոր խոշոր ճգնաժամները, իսկ Ուկրաինայի մասին առանձին է հիշատակել՝ նշելով, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման շրջանակներում ընդունած վերջին որոշումը:

«Կցանկանայի, որ առաջիկա ժամերին, օրերին և շաբաթներին հնարավորություն ունենայինք նոր խթան հաղորդելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ջանքերին, որոնք շարժ են ապահովում դեպի առաջ»,- ասել է Մակրոնը:

Պուտինն իր հերթին հայտնել է, որ իր պաշտոնակցին կտեղեկացնի Զելենսկիի հետ զրույցի մասին, քանի որ կան բաներ, որոնք «զգուշավոր և լավատեսություն» են ներշնչում:

«Նորմանդական ձևաչափի» համար այլընտրանք չկա, և Ռուսաստանը կաջակցի այդ ձևաչափին, սակայն միևնույն ժամանակ յուրաքանչյուր հանդիպում պետք է հստակ արդյունքների հանգեցնի, պետք է հասնել նրան,  ինչի մասին ավելի վաղ պայմանավորվել ենք, և շարժվել դեպի այդ նպատակը: 2016թ.-ին փոխըմբռնում է ձեռք բերվել, խոստացվել է գործի դնել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Դա վերջիվերջո հարկավոր է անել, հարկավոր է ինչ-որ կերպ ձևակերպել: Նույնը վերաբերում է մի քանի այլ հարցերի, ինչպիսին, օրինակ, համաներումն է»,- նկատել է Կրեմլի ղեկավարը:

Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը, պատասխանելով Մոսկվայում տեղի ունեցած ակցիաների մասին հարցին, ասել է, որ բոլորը խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իրավունք ունեն, և որ իշխանությունները չեն կարող դրան միջամտել: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ քաղաքացիական խմբավորումներն իրավունք չունեն խախտելու գործող օրենքը և բախումների հանգեցնելու, և որ օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն նույն օրենքի ուժով:

Կարճատև մամուլի ասուլիսի ավարտին Մակրոնը հայտնել է, որ հույս ունի դեր խաղալու Ռուսաստանի և Եվրամիության միջև անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հարցում: «Կարծում եմ՝ մեզ կհաջողվի միասին աշխատել մեր աշխարհամասի անվտանգության ուղղությամբ»,- ասել է նա՝ եզրափակելով, որ իրենց «սքանչելի երկրները պետք է ապրեն միասին»:

Երկու ղեկավարների հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների ետևում և 3 ու կես ժամ են տևել: Նշենք, որ անցած տարի Մակրոնը և Պուտինը հանդիպել են 5 անգամ, իսկ այս տարվա հունիսին բանակցություններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Այս թեմայով
am