«Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց»․ անկեղծ զրույց Լևոն Մալխասյանի հետ

«Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․․․»։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի հետ Sputnik Արմենիան խոսել է  նրա երազանքների, երիտասարդ ջազմենների հետ աշխատելու դժվարությունների, անձնական կյանքի ու հայկական ջազի ապագայի մասին։

-«Ջազը կյանք է»: Բառը թարգմանաբար հենց այդ նշանակությունն ունի: Ձեր կյանքում ի՞նչ փոխեց ջազը։

– Իմ կյանքում ջազը փոխեց ամեն ինչ: Ջազի հետ ծանոթացա 60 տարի առաջ՝ 15 տարեկանում: Շատ պատահաբար ռադիոյով գիշերվա կեսին  լսեցի աստվածային երաժշտությունը: Սկզբից չէի հասկանում, թե դա ինչ երաժշտություն է, հետո սկսեցի ամեն օր նույն ժամին ռադիոյի այդ ալիքի  հաճախականությունը գտնել: Որոշ ժամանակ անց իմացա, որ դրանք ջազի մեկնաբան, քննադատ, ջազի գիտակ Լուիս Կանովերնի կատարումներն են: Սկզբում ձայնագրում էի  նվագարկիչով, լսում, հետո փորձում նվագել:

Դաշնամուրի մեկ-երկու դասարան գնացել ու կիսատ էի թողել, բայց հետո ինքնուրույն սովորեցի նվագել: Իմ 60 տարվա ուսուցիչը 20-րդ դարի լավագույն դաշնակահարներից մեկը՝ Օսկար Պիտերսոնն է: Նա ինձ համար դարձավ երաժշտական դպրոց, Չայկովսկու անվան դասարան, Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջ, Կոնսերվատորիա․․․ 60 տարի է՝ լսում եմ Պիտերսոն, ունեմ նրա բոլոր ձայնասկավառակները:

-Ուսուցչուհու և գործարանի տնօրենի ընտանիքում ծնված տղան, որը սովորում էր Երևանի  Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտում, ընտրեց երաժշտության ճանապարհը՝ այն էլ խորհրդային տարիներին, երբ ջազն այնքան էլ խրախուսելի չէր: Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները:

-Նրանք շատ անտարբեր էին, քանի որ Խորհրդային տարիներին ջազը հենց անտարբերության էր մատնված: Ոչ ոք ինձ չէր արգելում նվագել, քանի որ դպրոցից հետո ընդունվեցի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ, հենց այնտեղ էլ ստեղծեցի իմ առաջին ջազային եռյակը, որը մինչև այսօր էլ գործում է։

-Կարելի՞ է ասել, որ ջազը հոգեվիճակ է։ Ջազն իսկապես հոգեվիճակ է (семиминутная конкретизация твоего состояния): Եթե մարդը զուրկ է իմպրովիզացիայից, նա չի կարող լավ երաժիշտ լինել։

-Ըստ Ձեզ, ի՞նչ ճակատագիր կունենա ջազն ապագայում, և որքանո՞վ է այն պահանջված Հայաստանում։ Ես 60 տարի է՝ ինչ ջազ եմ նվագում և այս տարիներին հասկացել եմ, որ ջազը շատ պահանջված է ամբողջ աշխարհում, քանի որ մարդիկ դահլիճների դռներն են ջարդում, որպեսզի ներկա լինեն համերգներին։ Ջազը մոդայիկ չէ, այն մնայուն է։

Շատ մեծ սխալմունք է, երբ ասում են, թե «Մալխասը  Հայաստանում ջազի հիմնադիրն է»: Ո՛չ, ես  փորձել եմ ջազի շարունակողը լինել, ստեղծված ավանդույթները պահպանել։ 60 տարվա մեջ ինչ պաշտոն առաջարկել են՝ հրաժարվել եմ, միայն նվագում եմ և ջազային փառատոներ կազմակերպում։

Այսօր էլ ջազը Հայաստանում շատ պահանջված է։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ հայ ջազմեններից որևէ մեկը կիսադադարկ դահլիճում երգած լինի։ Հայ տաղանդավոր ջազմեններին եթե անգամ օդապարիկով գցեն ցանկացած երկիր, նրանք այդ երկրին միայն պատիվ կբերեն։

-Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, համաշխարհային ո՞ր  ջազմենի հետ կցանկանայիք ելույթ ունենալ։

-Ես համաշխարհային աստղերից մի քանիսի հետ հնարավորություն ունեցել եմ նվագելու, բայց եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, եթե իմ ուսուցիչը՝  Օսկար Պիտերսոնը թույլ տար, ես կնվագեի իր հետ։

-Ձեր երազանքների մի մասը կատարվել է, իսկ ինչի՞ մասին եք երազում ներկայում։ -Այժմ երազում եմ դպրոց-ստուդիա ունենալու մասին, որովհետև մեր երիտասարդ ջազմենները շշմելու աստիճան տաղանդավոր են։ Միայն իմ ակումբում 7 ջազային խումբ է նվագում։ Նրանք միմյանցից շատ տարբեր են, որովհետև ջազային ուղղությունները շատ են։ Հայաստանում ջազը միշտ կմնա բարձրունքի վրա։

– Դուք մեծ կարևորություն եք տալիս երիտասարդ կադրեր աճեցնելուն։ Հե՞շտ է երիտասարդների հետ աշխատելը։ -Երիտասարդների հետ աշխատելը դժվար է, որովհետև փորձ չունեն, ամբիցիաները մեծ են  և յուրաքանչյուրի հետ պետք է գտնել շփման եզրեր, բայց միևնույն ժամանակ, ինձ հաճելի է այդ աշխատանքը, քանի որ շատ տաղանդավոր ջահելներ են։

– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Երևանից հեռու 13 օրից ավել չեք կարողանում ապրել։ Մութ ու ցուրտ տարիներին շատերը լքեցին Հայաստանը, այդ թվում և շատ ջազմեններ: Հայաստանից հեռանալու ցանություն այն ժամանա՞կ էլ չեք ունեցել։

-Ես երբեք չեմ լքի Հայաստանը։ Դա 100 տոկոսով բացառված է։ 40-ից ավելի երկրներում եմ եղել, որտեղ ինձ առաջարկել են մշտական բնակություն, բայց ոչ մի երկրում չեմ մնացել, անգամ չեմ փորձել։

– Որպես Երևանին սիրահարված մարդ, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում մեր քաղաքում:

-Ես Երևանին վերաբերվում եմ որպես իմ երեխայի, և նրա մեջ թերություններ չեմ փնտրում, որովհետև այդ թերություններն էլ իմն են, ուրեմն ես էլ եմ  ինչ- որ տեղ մեղավոր դրանց համար։ Միակ խնդիրը, որն ինձ անհանգստացնում է՝ Արցախի ճակատագիրն է։ Չեմ ուզում պատերազմ լինի։

-Շատ հայտնի դեմքեր նախընտրում են իրենց անձնականից, ընտանիքից չխոսել։Կարելի՞ է ենթադրել, որ դուք նրանց թվին եք պատկանում, քանի որ քիչ տեղեկատվություն կարելի է գտնել ձեր ընտանիքի մասին։

-Այո, իմ անձնականից խոսել չեմ սիրում, բայց․․․Կինս՝ Նինա Տեր-Ղազարյանը, մասնագիտությամբ բժիշկ էր, 5 անգամ Հայաստանի լողի չեմպիոն էր դարձել։ Ծանոթացել էինք դեռ ուսանողական տարիներին։ Դժբախտաբար, անցած տարի մահացավ: Մենք միասին էինք 53 տարի։ Սիրում եմ միայն աղջկաս մասին խոսել․ Իրինա Մալխասյանը լավ երաժիշտ է, կոմպոզիտոր, այժմ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այն երաժշտական դպրոցներն ու համալսարանները, որոնք ես չեմ ավարտել, նա ավարտել է։

Այժմ 50 տարեկան է։ Ժամանակին նշանված էր, հետո հիասթափվեց, բաժանվեցին, ես էլ հարցեր չտվեցի։ Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․․.

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

 

Այս թեմայով
am