«Հյուրանոցում հրդեհի համար պատասխան կտա նաև սեփականատերը». Զելենսկին՝ այսօր Օդեսայի Tokyo Star հյուրանոցում 8 մարդու կյանք խլած հրդեհի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Զելենսկին նաև հայտարարել է, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը:

«Օդեսա, Տոկիո Սթար: Այս գիշեր մենք կորցրինք 8 մարդկային կյանք: 10 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Եվ սա պատերազմի կամ գնդակոծությունների պատճառով չէ, այլ հանցավոր անփութության և հակահրդեհային անվտանգության տարրական նորմերի անտեսման պատճառով, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով: Պատասխան կտան ոչ միայն հրդեհի անմիջական մեղավորները, այլև Վադիմ Չեռնին՝ այսպես կոչված հյուրանոցի սեփականատերը»,- Facebook-ի իր էջում գրել է նախագահը:

Երկրի ղեկավարը խոստացել է անձամբ հետևել հրդեհի հետաքննությանը, որպեսզի «պատիժը համապատասխանի օրենքի նորմերին և արդարության պահանջներին»:

Նա նաև նշել է, որ չի կարելի սեփական շահը մարդկային կյանքերից վեր դասել, և իր զորակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին:

Բացի այդ, նախագահը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ոստիկանությանը և հրդեհի ընթացքում օգնություն ցուցաբերած բոլոր մարդկանց:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել: 

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք: Հրդեհը տեղայնացվել է ժամը 3:35 -ին, ամբողջովին մարվել՝ 4:32-ին:

Հյուրանոցն ունի 273 սենյակ, սակայն չի հաղորդվում, թե հրդեհի պահին քանի հոգի է եղել հյուրանոցում:

Այս թեմայով
am