Թուրքիայի հյուրանոցները չեն պատրաստվում հրաժարվել «all inclusive» համակարգից. թուրք պաշտոնյան՝ ի պատասխան առևտրականների բարձրացրած բողոքի

Թուրքիայի հյուրանոցները, չնայած առևտրականների բարձրացրած բողոքին, չեն պատրաստվում հրաժարվել «all inclusive» համակարգից, քանի որ այն մեծ պահանջարկ ունի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ria.ru-ին ասել է Միջերկրածովյան հյուրանոցների սեփականատերերի միության ղեկավար Էրքան Յաղջըն:

Նրա խոսքով՝ Թուրքիայում ոչ ոք իրավասու չէ հյուրանոցներին պարտադրել կիրառել հաճախորդների սպասարկման այս կամ այն համակարգը. յուրաքանչյուր հյուրանոց իր սեփական ընտրությունն է կատարում, և ոչ ոք իրավունք չունի դրան միջամտելու:

««Ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգը ստեղծվել է շուկայի կողմից, և շուկան ինքն է որոշում՝ համակարգը հաջող է, թե ոչ: Եթե կա պահանջարկ, ուրեմն կլինի նաև պահանջարկի բավարարում: Թուրքիայում այդ համակարգի նկատմամբ մեծ պահանջարկ կա, ինչը նշանակում է, որ դրանով կաշխատեն այն հյուրանոցները, որոնք իրենց համար օպտիմալ են համարում այդ համակարգը»,-ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ համակարգը չեղյալ հայտարարելու խնդրանքները ողջամիտ հիմքեր չունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Թուրքիայի Սիդե և Ալանիա հանգստավայրերի առևտրականներն ու արհեստավորները դիմել էին երկրի իշխանություններին՝ հյուրանոցների «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգի չափանիշները վերանայելու խնդրանքով:

Թուրք առևտրականները կարծում են, որ all inclusive-ը «սպանում է» իրենց բիզնեսը: Նրանց կարծիքով՝ այդ համակարգի պայմանները պետք է վերանայել, որպեսզի վաճառողներն ու հյուրանոցներն «ազնիվ մրցակցություն» ունենան: Նրանց խոսքով՝ զբոսաշրջիկը մնում է հյուրանոցում, չի ճանապարհորդում երկրում և գումար չի ծախսում նպարեղենի և հյուրանոցից դուրս գնումների համար, ինչն էլ վնասում է իրենց բիզնեսին:

Այս թեմայով
am