«Երբ հյուրանոցները լի են, խանութները դատարկ են». Թուրքիայում առևտրականներն իրենց դժգոհությունն են հայտնել հյուրանոցների՝ «all inclusive» համակարգի դեմ

Թուրքիայի Սիդե և Ալանիա հանգստավայրերի առևտրականներն ու արհեստավորները դիմել են երկրի իշխանություններին՝ հյուրանոցների «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգի չափանիշները վերանայելու խնդրանքով, հաղորդում է atorus.ru-ն:

Սիդե հանգստավայրի մոտ գտնվող Մանավգաթի առևտրաարդյունաբերական պալատը նամակով դիմել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությանը՝ խնդրելով վերանայել «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգի չափանիշները և որոշել այն շրջանները, որտեղ հյուրանոցների որդեգրած քաղաքականությունը վնաս չի հասցնի այլ բիզնեսների:

Թուրք առևտրականները կարծում են, որ all inclusive-ը «սպանում է» իրենց բիզնեսը: Նրանց կարծիքով՝ այդ համակարգի պայմանները պետք է վերանայել, որպեսզի վաճառողներն ու հյուրանոցներն «ազնիվ մրցակցություն» ունենան:

Պալատի ներկայացուցչի խոսքով՝ զբոսաշրջիկը մնում է հյուրանոցում, չի ճանապարհորդում երկրում և գումար չի ծախսում նպարեղենի և հյուրանոցից դուրս գնումների համար:

«Երբ հյուրանոցները լի են, խանութները դատարկ են»,- հավելել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալանիայի առևտրականները հարցն ավելի արմատապես են դնում. ոչ թե պարզապես «որոշել շրջանները», այլ արգելել քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներին աշխատել «ամեն ինչ ներառված է» համակարգով:

Ինչպես կարծում են թուրքական հյուրընկալ ընկերությունների ներկայացուցիչները, զբոսաշրջիկները, առաջին հերթին՝ ռուսները, սկսել են ավելի քիչ ծախսել՝ մի քանի պատճառներով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառներից առաջինն այն է, որ նրանք, կրկին վերադառնալով Թուրքիա, այլևս չեն ցանկանում կրկնել միևնույն էքսկուրսիաները և դուրս գալ գնումների:

Թուրքական տուրիստական գործակալության ներկայացուցչի խոսքով՝ էքսկուրսիաների պահանջարկը շատ հյուրընկալ ընկերությունների մոտ արդեն նվազել է 30 տոկոսով։

Այս թեմայով
am