«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ի հիմնադիրը չի ընդունում մեղադրանքը` ապացույց չկա, բոլորը ենթադրությունների շրջանակում են. պաշտպան

«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Առաջադրված մեղադրանքների տակ որևէ կոնկրետ և իրական ապացույց չկա, բոլորը ենթադրությունների շրջանակներում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքն առանձնապես խոշոր չափերի խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով է:

«Մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբրև թե Ալեքսան Զաքարյանը խարդախության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար իր գործունեության ընթացքում: Ըստ էության, այն նյութերը, որոնք տրամադրվել են նախաքննական մարմնի կողմից մեզ՝ պաշտպանական կողմին, դրանց ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ առաջադրված մեղադրանքների տակ որևէ կոնկրետ և իրական ապացույց չկա, բոլորը ենթադրությունների շրջանակներում են»,- պարզաբանեց Արշակ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնել էին, որ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը ձերբակալվել են:

«Ներկա պահին բողոքարկման փուլում է ձերբակալման որոշումը»,- հայտնեց Ալեքսան Զաքարյանի պաշտպանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Այս թեմայով
am