Ստամբուլյան կոնվենցիան չի էլ մտնելու Ազգային Ժողով. Սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական կճանաչի. Արման Ղուկասյան

Ստամբուլյան կոնվենցիան ոչ թե ենթադրաբար, այլ հստակ միտում ունի պաշտպանելու ԼԳԲՏ համայնքի իրավունքները: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց   «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Նա կոնվենցիայի լոբբինգով զբաղվող իմքայլական պատգամավորներին խորհուրդ տվեց ընթերցել նաև կոնվենցիային առընթեր բացատրական զեկույցը, որտեղ հստակ գրված է, որ հաճախ  են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հասարակությունում դառնում բռնության զոհ և այդ պատճառով կարիք ունեն աջակցման: «Իսկ այս կոնվենցիայով միտում ունեն ամրագրելու և պաշտպանելու այդ խավի իրավունքները»,- ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանի խոսքով՝ հաճախ մանիպուլյացիա է տեղի ունենում. նշվում է, որ այն մարդիկ ովքեր դեմ են կոնվենցիայի ստորագրմանը, ուրեմն կողմ եմ բռնությանը: Սակայն բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանն այս վերջին տարիներին դարձել է այն երկիրը, «որտեղ հիշյալ համայնքի ներկայացուցիչները մտնում են ոստիկանական շենք և ծեծի են ենթարկում միմյանց, հրում ոստիկաններին ու պատասխանատվություն չեն կրում, ելույթներ են ունենում, հարցազրույցներ տալիս»:

Ղուկասյանը նաև նկատեց, որ քննարկումների առիթ հանդիսացող կոնվենցիան նաև հասարակությունը արհեստականորեն պառակտելու միտում ունի: Նա նաև խոսեց եվրոպական երկրների փորձի ուսումնասիրման անհրաժեշտության մասին և, այնուամենայնիվ, վստահություն հայտնեց, որ «Ստամբուլյան կոնվենցիան չի էլ մտնելու Ազգային Ժողով. Սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական կճանաչի»:

Նույն կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ ներկայացրեց Ստամբուլյան կոնվենցիայի հակասահմանադրական եզրույթները և ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ կոնվենցիան վավերացնելու պարագայում մեր երկրում արտաքին մոնիթորինգի մեխանիզմներ կկիրառվեն: «Իսկ դա նշանակում է, որ արտաքին պետությունները, որոնք վավերացրել են կոնվենցիան, կկարողանան միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով կոնվենցիայով նախատեսված դրույթների կիրառմանը: Եվ ըստ այդ կետի Հայաստանում կարող է ձևավորվել հասարակական կազմակերպություններից կազմված փորձագիտական մարմին, որը լայն լիազորություններ կունենա: Մինչդեռ բոլորս էլ գիտենք արտաքին ուժերից ֆինանսավորվող  այդ հասարակական կազմակերպությունների ԼԳԲՏ ներկայացուցիչներին բացեիբաց քարոզելու, օժանդակելու գործունեության մասին»,- ներկայացրեց Ծովինար Կոստանյանը:

Կոնվենցիայի վավերացումն, ըստ բանախոսների, նաև ֆինանսական օժանդակություն կբերի: Կոստանյանի խոսքով՝ արտաքին ուժերը զանազան ֆինանսական աջակցություններր կտրամադրեն ՝ մեկ օրենսդրությունը բարեփոխելու, մեկ բնակչությանը իրազեկելու և այլ նպատակներով:

Քաղաքական կուսակցության ներկայացուցիչները կոչ արեցին իշխանությանը լինել  ավելի ողջամիտ, անկեղծ և ոչ թե փորձել մոլորեցնել հասարակությանը:

Հասարակությանն էլ կոչ արեցին ավելի ակտիվ լինել, ընթերցել կոնվենցիան:

Այս թեմայով
am