Սամվել Ալեքսանյանը խոզերի աֆրիկյան ժանտախտի նախահա՞յր

Այսօր Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր կան, որոնք փաստացի չեն արձանագրվում, քանի որ լաբորատոր հաստատում չկա. սա քաղաքականություն է: Իսկ թե ում միջոցով կամ ինչպես հայտնվեց աֆրիկյան ժանտախտը Հայաստանում, երբ այն այս տարածքում գոյություն չուներ, տարբեր վարկածներ կան:

Նշենք, որ տարիներ առաջ Տավուշի մարզի խոզաբուծությամբ զբաղվողները հենց Սամվել Ալեքսանյանին էին մեղադրում այս հիվանդության տեղայնացման համար, քանի որ նրա կողմից ներկրված կերից հետո սկսել էր խոզերի անկում:

Հիշեցնենք, որ խոզի կերի հետ խոզերի աֆրիկյան ժանտախտի թափանցումը մեր երկիր հաստատված է:

Իհարկե, այս վարկածը ոչ ոք չստուգեց և չէր էլ ստուգելու, սակայն այսօր էլ Տավուշի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի «նախահայր» համարում են հենց Սամվել Ալեքսանյանին՝ ինչո՞ւ:

Պատասխանում են, որ նրան ձեռնտու էր, որ հիվանդություն տարածվի և իր խոզաբուծարանների խոզի միսը վաճառվի, նաև այս միջոցով ցանկանում էր առաջատարը լինել խոզաբուծության ոլորտում: Նաև ձեռնտու էր, որ այս համայնքները աղքատ լինեն և օգտվեն անթիվ-անհամար սուպերմարկետներից, ոչ թե ունենան իրենց սեփական խոզի միսը և խոզի միս չգնեն:

Կա նաև խոզի մսի ներկրման համար Ս. Ալեքսանյանի կողմից մղվող պայքարի մասին վարկածը, որ կարողանա մեծաքանակ խոզի միս ներկրել՝ արդեն սահմանափակ խոզի մսի շուկայի պարագայում:

Իհարկե, սրանք խոսակցություններ են և դժվար է ճշմարտության հատիկ գտնել, սակայն տարբեր ժամանակահատվածում և տարբեր մարդիկ նույնն են ասում՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի համար մեղավորը հենց Սամվել Ալեքսանյանի կողմից 2007թ-ին օգոստոսին ներկրված կերն է՝ միտումնավոր, թե պատահական:

Փաստը մնում է փաստ, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին բոլոր խոսակցությունները պտտվում են հենց Սամվել Ալեքսանյանի անվան շուրջ: Չկա ծուխ առանց կրակի:

Analitik.am-ին հայտնի դարձավ նաև, որ Սամվել Ալեքսանյանի խոզաբուծարաններում վերջերս  աֆրիկյան ժանտախտ է թափանցել,  Տավուշի մարզի ֆերմերներից մեկն այս առիթով ասաց. «Ինչ ցանել է՝ էն էլ հնձել է»:

Գոհար Ստեփանյան

Սկզբնաղբյուր՝ Analitik.am

Այս թեմայով
am