Իտալիայի փոխվարչապետին Twitter-ում հրապարակման համար 250 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում

Մայնի Ֆրանկֆուրտի դատարանը վճռել է, որ Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳՆ ղեկավար Մատեո Սալվինին խախտել է գերմանացի լուսանկարիչ Ֆրիդհոլդ Ուլոնսկայի հեղինակային իրավունքը՝ Twitter-ում հրապարակելով նրա հեղինակային լուսանկարը:

Schwabisches Tagblatt պարբերականի հաղորդմամբ՝ իտալացի քաղաքական գործչին կարող է մինչեւ 250 հազար եվրոյի չափով տուգանք սպառնալ կամ վարչական կալանք մինչեւ 6 ամսվա ժամկետով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը լուսանկարի մասին է, որում պատկերված է Sea Watch նավի նավավար Զյորեն Մոեն: Սալվինին, ենթադրաբար, բեռնել է լուսանկարը համացանցի եւ համատեղել այն կապիտան Կարոլա Ռակետեի լուսանկարի հետ:

Հունիսի 28-ի իր հրապարակման մեջ ծովում ներգաղթյալների փրկման հարցով ոչ կառավարական առաքելության հետեւողական հակառակորդ Սալվինին ծաղրել է Sea Watch-ի անձնակազմի անդամներին՝ գրելով.

«Կարոլան, որը մեղավոր է, որ «սպիտակ հարուստ գերմանացի» է ծնվել, եւ Զյորենը (հիշո՞ւմ եք, նրա կարգախոսը, կարծես այսպես էր՝ «մնալ ըմբոստ, մնալ նեխած») շնորհակալություն են հայտնում Դեմոկրատական կուսակցությանը Sea Watch  ծովահենային նավի համար նվիրաբերման համար»:

Նման քննադատության պատճառ է այն, որ հունիսի 12-ին վերոնշյալ նավը Ռակետեի հրամանատարությամբ 3 ներգաղթյալի է հասցրել իտալական նավահանգիստ, ինչի պատճառով կապիտանին տնային կալանքի տակ են առել: Ավելի ուշ Ռակետեն ազատության մեջ է հայտնվել, սակայն նրան մեղադրում են նաեւ անօրինական ներգաղթի խթանման համար, ինչի համար նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Լուսանկարչի խոսքով՝ Սալվինին բազմիցս առանց թույլտվության օգտագործել է իր լուսանկարները: Պարբերականի հաղորդմամբ՝ իտալացի քաղաքական գործիչը չի մեկնաբանել իրավիճակն ու չի ստորագրել հակաիրավական գործողությունների դադարեցման մասին ծանուցումը, քանի որ այս անգամ գերմանացի փաստաբանները որոշել են գործը մինչեւ դատարան հասցնել: Որոշումը դեռեւս վերջնական չէ, Սալվինին այն կարող է բողոքարկել:

Հայցի գումարն այժմ կազմում է 6 հազար եվրո, սակայն Ուլոնսկան դեռ չգիտի՝ որքան կարող է արժենալ իր լուսանկարը: «Ակնհայտ է, որ ես գումար կնվիրաբերեմ ծովում փրկարարական օպերացիայի համար, հատուկ ողջույն պարոն Սալվինիից»,- պարբերականը մեջբերում է լուսանկարչի խոսքը: 

Այս թեմայով
am