Ազիզյանի դերակատարի եւ «Հայկական ժամանակ» գլխավոր խմբագրի միջեւ վատ բեմադրված հարցազրույց. Սամվել Ֆարմանյան

Այսօրվա հանդիպման ժամանակ հույս ունեինք, որ կտրվեր բոլորիս հուզող հարցի պատասխանը, սակայն լուծումներ տեսնելու փոխարեն՝ մենք ստացանք 2 դերասանների երկխոսություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած աշխատանքային հանդիպմանը։

«Լուծումներ տեսնելու փոխարեն մենք ստացանք 2 դերասանների երկխոսություն։ Ի վերջո, Երեւանը ինչքա՞ն է կուտակված ու շաղախված մնալու աղբի մեջ։ Ազիզյանի գլխավոր դերակատարի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր նախկին խմբագրի միջեւ վատ բեմադրված հարցազրույց տեսանք։ Ուսանողական տարիներին կային այնպիսի ուսանողներ, որոնք քննություններին վատ էին պատրաստվում, դասախոսների հետ նախօրոք պայմանավորված էր, փողը տված էր։ Այստեղ էլ դասախոսը հարցեր էր տալիս, ուսանողն իբր պատասխանում էր, վերջում գնահատականը ստանում եւ դուրս գալիս։ Այդ հանդիպումից մենք ունեցանք տպավորություն, որ Երեւանը շարունակելու է մնալ խոշոր հաշվով աղբի մեջ»,- ասաց Ֆարմանյանը։

Նախկին պատգամավորն ասաց, որ վարչապետը Հայկ Մարությանին պետք է 2-3 շաբաթ ժամանակ տար՝ մայրաքաղաքի խնդիրները լուծելու համար, եթե դրանք չլուծվեին՝ հետեւություններ աներ.

«Հարգելի պարոն Փաշինյան եւ հարգելի պարոն Մարության, ձեզ ընտրած ու ձեզ չընտրած քաղաքացիները ձեզանից մեկ ակնկալիք ունեն՝ գործ արեք, որ դուք զբաղվեք վերելակների խնդիրներով, տրանսպորտի խնդիրներով, եւ ոչ թե դրա փոխարեն սենյակում նստած կոնսպիրոլոգիաներ ման գաք։ Հավատացնում եմ ձեզ, որ ձեզ ընտրած ու չընտրած ոչ մի քաղաքացու դա չի հետաքրքրում։ Անընդունելի է անգործությունը փակել, ծածկել, սվաղել տարբեր կոնսպիրոլոգիաներով։ Եթե տեսնենք, որ քաղաքի աղբահանության խնդիրը չի լուծվում, վստահ եմ՝ կգտնենք ձեւը Երեւանի քաղաքապետին ստիպել տեր կանգնել իր կարգախոսին ու մաքուր պահել քաղաքը»։

Այս թեմայով
am