ԵՊՀ-ն նոր պրոռեկտորներ ունի

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը:

Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:

Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:

2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է:
2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի
ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2007 թվականին պաշտպանել է «Որոշ եզրային խնդիրների սեփական ֆունկցիաներով վերլուծությունների զուգամիտության արագացում» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2005 թթ. Ռաֆայել Բարխուդարյանն աշխատել է «Boomerang Software» ընկերությունում՝ որպես ծրագրավորող: 2004-2007 թթ. եղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, իսկ 2005-2007 թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011 թթ. նա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ
2011-2014 թթ. եղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019 թթ. Ռաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը: Ռաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:

Այս թեմայով
am