Վեդու ջրամբարի շինարարները երկու ամիս ավելի է աշխատավարձ չեն ստացել. ո՞վ է պատասխանատուն

NEWS.am–ին ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ նման խնդրի բախվում են պարբերաբար։ Ըստ նրանց՝ ներկայումս աշխատավարձ չեն ստացել 200–ից ավելի շինարարներ։

NEWS.am–ի հետ զրույցում «Սահակյանշին» ՓԲԸ–ի փոխտնօրեն Կարեն Սահակյանը հայտնեց, որ պատվիրատուի կողմից վճարումների հետ կապված ուշացումներ են լինում, ինչի արդյունքում էլ իրենց մոտ ուշանում է աշխատավարձը։

«Ամեն ամիս մենք կատարողականը գրում ենք և դրա դիմաց մեզ վճարում են, և շատ ժամանակ ձգձգվում է, քանի որ ծավալների ճշտման խնդիրներ են առաջանում»,–ասաց նա՝ չստակեցնելով, թե աշխատակիցները կոնկրետ երբ կստանան աշխատավարձերը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեից, սակայն, հավաստիացրեցին, որ Ջրային  տնտեսության ԾԻԳ-ում Վեդու ջրամբարի ծրագրով չվճարված կատարողական չկա։

NEWS.am–ի հետ զրույցում  Ջրային տնտեսության ԾԻԳ–ի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը նշեց, որ բոլոր վճարումները կատարվել են ժամանակին՝  «Սահակյանշին» ՓԲԸ–ի ներկայացրած կատարողական ակտերի հիման վրա, և որ վճարումների հետ կապված պատասխանատուն շինարարական ընկերությունն է։

Նշենք, որ Վեդիի ջրամաբարի շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը հայտնի է Մարմարիկի ջրամբարի, ՊԵԿ–ի Դիլիջանի ուսումնական կենտրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիի, «CITADEL» բիզնես կենտրոնի եւ այլ կառույցների շինարարություններով։

Վեդիի ջրամբարի առաջինն է, որը անկախ Հայաստանի պատմության ընթացքում կառուցվում է զրոյից։ Ջրամբարը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի 18 մլն խմ-ով տնտեսել Սևանա լճի ջուրը։ Վեդի և Խոսրով գետերի վարարման արդյունքում 29 մլն.խմ ջուրը, որն անիմաստ հոսում է Հայաստանի տարածքով և թափվում Արաքս գետը, կկուտակվի Վեդիի ջրամբարում, արդյունքում ներցանցային տնտեսությանն կորուստները կկրճատվեն 20-25%։

Նախատեսված է, որ ջրամբարի կառուցումը կավարտվի 2020-ի կեսերին։

Այս թեմայով
am