Միջնորդությունը ՀՊՏՀ-ում վերացված է, հունվարի քննաշրջանին 125 ուսանող լքել է բուհը. ռեկտորը պնդում է՝ օրական 30-40 զանգ է ստացել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր միջնորդությունը վերացված է, իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, որ վերևից հրաման իջեցնեմ որևէ ուսանողի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ինքը միջնորդությունը բացառելու հրահանգ է իջեցրել նաև համալսարանի բոլոր ֆակուլտետների դեկաններին։

«Մի փոքր ցավով եմ խոսում այս մասին, բայց այս փոփոխությունների արդյունքում հունվարի քննաշրջանի արդյունքում շուրջ 125 ուսանող ստիպված էր լքել համալսարանը, քանի որ միջնորդությունն ամբողջությամբ վերացված էր։ Իհարկե, դժգոհություն եղավ նաև ուսանողներից, քանի որ հայտարարում են, թե փոփոխությունները կտրուկ են, իրենք չեն հասցրել հարմարվել և այլն։ Դժգոհությունները մոտավորապես այն տեսակի են, որ տեսնում ենք նաև որոշ դասախոսներից, որ փոփոխությունները կտրուկ են»,- ասաց նա։

Հայրապետյանի ներկայացմամբ՝ խոսքը միայն կոռուպցիայի մասին չէ, այլև ծանոթ-բարեկամների։ Նա շեշտեց, որ եթե գտնվի մի դասախոս, որը միջնորդությամբ գնահատական է նշանակում, դա ոչ միայն կոռուպցիոն դրսևորում է, այլև բարոյական առումով է անընդունելի։

«Քննաշրջանի ընթացքում օրական 30-40 զանգ ստանալ ուսանողների համար, բոլորի դեպքում ստացել են բացասական պատասխան, բայց հանկարծ որևէ դասախոս որոշի, որ պիտի միջնորդություն ընդունի։ Այդ դասախոսը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվության պիտի ենթարկվի»,- ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը։

Այս թեմայով
am