Ալեխանդրո Ջամատեին հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում

Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Առաջ» աջ ցենտրիստական կուսակցության թեկնածու Ալեխանդրո Ջամատեին: Կիրակի անցկացված քվեարկության արդյունքները հրապարակել է երկրի Բարձրագույն ընտրական տրիբունալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղամասերի քվեաթերթիկների 98 տոկոսի մշակումից հետո ձայների հաշվարկների քաղաքական գործիչը ստացել է ձայների 58,4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ սոցիալ-դեմոկրատական «Հույսի ազգային միություն» կուսակցությունից առաջադրված Սանդրա Տորեսը ստացել է ընտրողների մոտ 41 տոկոսի աջակցությունը եւ ընդունել է իր պարտությունը: Ընտրողների ցուցակում ընդգրկված էր ավելի քան 8 մլն մարդ, մասնակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս:

«Սա պայքարի 12 տարի էր, բայց պաշտոնը զբաղեցնելու համար, եւ քո երկրին ծառայելու հնարավորությանը սպասելու 12 տարի,- ասել է Ջամատեին Guatevision-ի եթերում մամուլի ասուլիսի ժամանակ՝ լինելով իր կողմնակիցներով շրջապատված: - Ինձ բանտ են նստեցրել, ես հիվանդանոցում եմ եղել, ստիպված եմ եղել այնքան շատ բան վերապրել, եւ մենք կպայքարենք այլ Գվատեմալա ստեղծելու համար»:

Ջամատեին մասնագիտությամբ բժիշկ է եւ երեք երեխաների հայր, չորրորդ անգամ է հավակնում բարձրագույն պետական պաշտոնին: Նա առաջին անգամ իր թեկնածությունն առաջադրել է 2007 թվականին՝ ընտրություններն ավարտելով երրորդ տեղում: Նա նախագահական մրցապայքարին մասնակցել է նաեւ 2011 եւ 2015 թվականներին, սակայն 2 դեպքում էլ շատ ցածր արդյունքներ է գրանցել: 2017 թվականին քաղաքական գործիչը հիմնադրել է սեփական «Առաջ» կուսակցությունը, որն այս տարվա հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ ստանալով 160 մանդատից 16-ը:

Նոր պաշտոնում ծրագրերը

Քաղաքական գործչի նախընտրական արշավի հիմնական խոստումների շարքում նշված էին տնտեսության զարգացումը, արտասահմանյան ներդրումների ներհոսքի մեծացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի գվատեմալացիները հազվադեպ լքեն երկիրը լավագույն կյանքի համար: Նա նաեւ հայտարարել էր, որ հանդես է գալիս աբորտների եւ նույնասեռական ամուսնությունների դեմ:

Ջամատեին, որը 2000-ական թվականներից ղեկավարում է երկրի ուղղիչ համակարգը, որպես պետության ղեկավար մտադիր է անզիջում պայքար մղել կոռուպցիայի եւ հանցավորության դեմ: Գվատեմալացները հենց հանցավորության աճն են համարում երկրի զարգացումն արգելակող հիմնական պատճառներից մեկը: Ապագա նախագահն այն լուծելու համար պատրաստվում է վերականգնել մահապատիժը եւ երկրում գործող բանդաները հավասարեցնել ահաբեկչական խմբավորումներին:

Ջամատեին 2010 թվականին բանտում է անցկացրել 10 ամսից ավելի: Նրան մեղադրում էին 2006 թվականին խոշոր ուղղիչ հաստատությունում կարգի վերականգնման ծավալուն գործողության ժամանակ մի քանի դատապարտյալների արտադատական հաշվեհավարդարին մասնակցության մեջ: Գործը փակվել է ապացույցների անբավարարության հիմքով:

Գվատեմալայի նախագահն ընտրվում է 4 տարով՝ առանց պետական բարձրագույն պաշտոնին կրկնակի հավակնության իրավունքի: Լատինաամերիկյան երկրի նոր առաջնորդի երդմնակալությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 14-ին:

 

Այս թեմայով
am