Մարզերում մշակութային միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է դրանց զարգացման համար. փոխնախարար

Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ միջազգային փառատոնը հատուկ նշանակություն ունի երկրի մշակութային կյանքի ապակենտրոնացման տեսանկյունից: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:

Նրա խոսքով ՝ սա երկրի մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ուղղված կոնկրետ քայլերից մեկն է, որը ծանրաբեռնված է մայրաքաղաքում, բավականին զարգացած է Գյումրիում եւ զարգանում է Վանաձորում:

«Նման օրինակը պետք է վարակիչ լինի: Մարզերում մշակութային միջոցառումների անցկացումը կդառնա Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման գրավական», - նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ իշխանությունները մտադիր են աջակցել մշակույթում նոր ոլորտների զարգացմանն ու բացահայտմանը, եւ այս իմաստով մնջախաղը առաջնահերթություններից մեկն է, քանի որ թատերական մշակույթի տեսողական բաղադրիչի ավելացման անհրաժեշտություն կա:

Փոխնախարարը շեշտեց, որ անհրաժեշտ է իրականացնել փառատոների մոնիթորինգ եւ պարզել, թե դրանցից յուրաքանչյուրից ինչ արդյունքներ կարող են գրանցվել:

Խզմալյանը հավաստիացրեց, որ սուբյեկտիվ տեսանկյունից  նա կցանկանար, որ տվյալ փառատոնը ամեն տարի անցկացվեր, սակայն դրամաշնորհների հատկացումը որոշում է համապատասխան հանձնաժողովը:

 «Նման միջոցառումների անցկացման  շրջանակում պետական գնումների ոլորտում խնդիր կա, եւ այստեղ հարցը ոչ թե օրենքի բացերի, այլ գործի  պրոֆեսիոնալ մոտեցման մեջ է: Մենք արդեն այս թեմայով հանդիպումներ ենք անցկացրել Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ եւ  դրանք կշարունակվեն», - եզրափակել է նա:

Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի VII միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 5-ից 10-ը, Ծաղկաձոր առողջարանային քաղաքում: Փառատոնին կմասնակցեն կատարողներ և թատերախմբեր Ռուսաստանից, Արգենտինայից, Լեհաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից:

Այս թեմայով
am