Ոստիկանությունն ինչո՞ւ գրպանահատների լուսանկարները հանրային վայրերում չի փակցնում

Խորհրդային տարիներին ոստիկանությունը գրպանահատների լուսանկարները փակցնում էր հանրային վայրերում՝ քաղաքացիներին զգոնության կոչ անելով:

ՀՀ ոստիկանությունն ինչո՞ւ հիմա չի կիրառում այդ երբեմնի ավանդույթը. նման հարցադրում է հնչել օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ի պատասխան լրագրողի հարցին, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանն ասել է. «Տարբերակը դիտարկվել է, ոստիկանությունը կմտածի այդ առաջարկի մասին»:

«Վերջին օրերին գրպանահատության դեպքերի վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ են տեղադրվում: Դրանցից մի քանիսին ՀՀ ոստիկանությունն արձագանքել է և իրավական ընթացք է տրվել»,-նշվեց լրագրողների հետ հանդիպմանը:

Ինչպես ասաց ՀՀ Ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը, այս տարվա 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրպանահատության դեպքերն աճել են 70 տոկոսով, ինչը չի անցնում թույլատրելի համամասնության սահմանը: Գրպանահատության դեպքերի 90 տոկոսը տեղի է ունեցել Երևանում: Գրպանահատության դեպքերով ոստիկանությունը քրեական հետապնդում չի իրականացվում՝ բողոքների բացակայության հիմնավորմամբ: Բարձր է այս հանցատեսակի թե՛ ռեցիդիվությունը, թե՛ լատենտությունը: Այս հանցատեսակի բացահայտման տոկոսը 45 է:

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 1-ին կիսամյակում Երևանում գրանցվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել 334-ը: Նախորդ տարի այդ ցուցանիշը այսպիսին է եղել՝ 336 դեպք և 179 բացահայտում:

ՀՀ ոստիկանության հետաքննության բաժնի պետ Հ. Պետրոսյանը հայտնեց նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Քրեական, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքերում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ գրպանահատությունը կորակվի որպես հանրային մեղադրանք: Դրանով այս հանցանքին կտրվի արժանի քրեաիրավական գնահատական: Պաշտոնյայի պարզաբանմամբ՝ քրեադատավարական կարգավորումներով գրպանահատությունը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, այսինքն՝ քրեական գործ հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա: Փոփոխության արդյունքում գրպանահատության բացահայտումների թիվը կավելանա: Օրինագիծը խորհրդարան կմտնի աշնանը:

Նշենք, որ կախված հանցատեսակի ծանրությունից ու պատճառած վնասից՝ գրպանահատության համար օրենսդրությունը սահմանել է 100-400 հազար դրամ տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում:

Այս թեմայով
am