Հայաստանում էշերիխիոզներով պայմանավորված դեպքերը նախորդ տարվա համեմատ ունեն աճման միտում

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ էշերիխիոզներով պայմանավորված դեպքերը նախորդ տարվա համեմատ ունեն աճման միտում՝ կլինիկական առավել ծանր ընթացքով դեպքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքի օգտագործումն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն), ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հետ շփման ընթացքում անձնական հիգիենայի կանոնները չպահպանումը:

Էշերիխիոզը հանդիպում է բոլոր տարիքի անձաց մոտ, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների և ծերերի շրջանում: Ներկայումս դեպքերն արձանագրվում են նաև միջին տարիքի անձանց շրջանում, որոնց 2/3-ը կազմում են կանայք: Էշերիխիոզի կանխարգելման հիմնական միջոցը հասարակական սննդի կազմակերպություններում և ջրամատակարարման կազմակերպություններում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումն է։

Էշերիխիոզներով չվարակվելու և հիվանդության կլինիկական բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.

*մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

*սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

*սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

*չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ *ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

*բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

*սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,

*առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,

*եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:

Այս թեմայով
am