Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ «Այս գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, որն այդ ամենին ականատես է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Հարուցված քրեական գործով Լևոն Երանոսյանը հարցաքննվել էր վկայի կարգավիճակով, իսկ նրա որդուն և փեսային մեղադրանք էր առաջադրվել ծեծի հոդվածով։

Լևոն Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով, սակայն, ամբաստանյալի կարգավիճակ ունի և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ նա դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ 


 

Այս թեմայով
am