Փոխնախարարներն իրարից «խռով են», միմյանց համարներն անգամ «սև ցուցակ» են գցել

Ամառը բավական թեժ է անդրադառնում կառավարության առանձին պաշտոնյաների վրա։ ArmDaily.am-ի տեղեկություններով փոխնախարարներից շատերը ոչ միայն միևնույն կառույցում մեկը մյուսի հետ չի հաղորդակցվում, այլև միջնախարարական «խռովություններ» են հասունացել։

Հատկապես դաժան է այն նախարարությունների վիճակը, որոնց փոխնախարարներն ընդհանուր օրակարգային նախագծեր են մշակում։ Կառավարությունում արդեն անեկդոտներ են պտտվում այն մասին, թե ինչպես մի փոխնախարարը համառորեն չի պատասխանում մյուսի զանգերին, նրա բջջայինի համարը գցում է «սև ցուցակ», իսկ օգնականին խիստ կարգադրում, որ չմիացնի «տհաճ» գործընկերոջ զանգերը ու ամեն անգամ պատասխանի, որ խորհրդակցության է, հետ կզանգի և այլն։

Ընդհանրապես միմյանց «ցրելու» պրակտիկան մեր իրականության համար նոր երևույթ չէ։ Հայոց նորընծա պատմությունը վկայում է փաստեր, ըստ որոնց միևնույն կառույցում ոխերիմ թշնամիներ են աշխատել, որոնք պատրաստ են եղել ղեկավարության մոտ միմյանց դեմ կլորիկ տակառներ գլորել։ Իհարկե ամեն հարցում էլ կարելի է մարդկային գործոն տեսնել, ավելին՝ դրա անտեսումը մեծ կորուստների և ոչ շրջահայացության կհանգեցնի, սակայն այնպես ինչպես այսօր վարվում են փոխնախարարները պատանեկան հասունացման շրջան է հիշեցնում։ Ասում են հարցը հասել է նրան, որ փոխնախարարներից մեկը, ում համառ զանգերն անպատասխան են մնացել, վրդովված մտել է նախարարի մոտ և խնդրել, որ նախարարը վարչապետի մոտ միջնորդի ու բոլոր փոխնախարարներին «սուպեր» կոչվող հեռախոս տան։

Բանն այն է, որ սուպերի զանգի ժամանակ չի երևում, թե ով է զանգողը և կոլեգաները գոնե այս կերպ կկարողանան միմյանց հետ շփվել։ Լուրերի համաձայն տվյալ փոխնախարարները տղամարդիկ են, ինչն ավելի է սրում իրավիճակը։ Ասում են, որ Կառավարության նախանիստերին մի քանի րոպե էլ բարոյախրատական ճառեր են կարդացվում տեղակալների հասցեին, որն ընդամենը «գելի գլխին ավետարան կարդալու» էֆեկտ է թողնում։ Թե ինչպես կլուծվի հարցը և ինչ ունեն կիսելու տարբեր գերատեսչություններում աշխատող խռովկան պաշտոնյայերը դեռ հայտնի չէ։ Սակայն հայտնի է նրանց նպատակը՝ ստանալ «սուպեր» հեռախոս և հրապարակայնացնել իրավիճակը։

Այս թեմայով
am