Վայոց Ձորում պայթունավտանգ վիճակ է, մարզպետը մատնված է անգործության. բնակիչներ

Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչները այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բարձրաձայնեցին մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և նրա՝ ՀՀԿ-ի հետ սերտաճելու մասին։  

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշեց, որ նախ իրենք ոչ մեկի պատվերը չեն կատարում, իսկ եթե կատարում են որևէ պատվեր, ապա միայն ժողովրդի: «Եթե հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվում, ապա հեղափոխությունը կիմաստազրկվի: Խնդիրը նրանում է,  որ ժողովուրդն ունի դժգոհություններ, լուծումներ չի ստանում, այստեղ մարդկանց խնդիրը համակարգային է»,-ասաց նա:

Վայոց Ձորի գործարար-ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ այն ինչ կատարվել է նախկինում Վայոց Ձորի մարզում համարում է հանցագործությունների շարան էր: «Ամենամեծ քրաօլիգարխիան գտնվում է Վայոց Ձորում, ամենամեծ վարկառուները մեր մարզի բնակիչերն են, և վերջապես մարդիկ բարձրացրին այդ խնդիրները: Մինչև  մարզպետ Տրդատ Սարգսյանի մարզում հայտնվելը մարզի բնակիչները նախկին իշխանության ժամանակ արդեն ցույց են տվել իրենց հեղափոխական լինելը»,-ասաց նա:

Տիգրան Եղոյանը նշեց, որ նորանշանակ մարզպետն այսօր տեղում չէ, կոռուպցիոն սխեման ավելի մեծ թափով է գործում, կասկածելի կադրային քաղաքականություն է վարում: 

«Բնակչը զրկված է ջրից, եթե նախկինում խոսում էինք քաղաքական թալանչիներից, որոնք գյուղացի բնակիչներց ջուրն են գողանում և ուղարկում թշնամի պետություն, հիմա նույն մարդիկ նույն կերպ գողանում են: Հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել և դրա պատճառը մարզպետի անգործությունն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վայոց Ձորը չունի մարզպետ»,-ասաց նա և նշեց, որ հեղափոխությունը «շնչահեղձ» են արել մարզում:

Արենի խոշորացված համայնքի անդամ Անուշավան Ավետիսյանը նշեց, որ ավագանին թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք դիտվում է որպես ընդդիմություն մարզային իշխանություններին: «Եթե որևէ հարց ես բարձրացնում պիտակավորում են գործ տվողի անվան տակ: Մեր բարձրացրած խնդիրներով քրեական գործերը մեժվում են»,- ասաց նա և նշեց, որ հեղափոխությունից հետո բնակիչները, ինչպես նախկինում, անտեսված են:

 

Նա նշեց, որ ինֆորմացիա ունի, որը կտրամադրի միայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մյուսներին չի վստահում և մտահոգված է, որ փաստաթղթերը կարող են ոչնչացվել: Ըստ նրա՝ ժողովուրդն օրեցօր հիասթափություն է ապրում հեղափոխությունից:

Արենի համայնքի ավագանու անդամ Սաշիկ Կարապետյանը ևս ավելացրեց, որ հեղափոխության շունչը մարզ դեռևս չի հասել:  Ըստ նրա՝ Տրդատ Սարգսյանը, որը խորհրդարանական ընտրություններին հավաքել է 10 000 ձայն, ապա այսօր հինգ հարյուր ձայն չի կարող հավաքել: «Նա այդ ձայները վարչապետի հեղափոխության շնորհիվ ստացավ, ով էլ լիներ նրա փոխարեն կհավաքեր  այդ ձայները»,-ասաց նա և նշեց, որ մարզում ամբողջ արտերը վառվում–թափվում են, և մարզպետը չի մտածում այդ մասին:

«Մարզպետը անգործության է մատնվել, ոչինչ չի անում, միայն ուզում ենք, որ մարզպետը կատարի իր պարտականությունը: Վայոց Ձորում պայթունավտանգ վիճակ է, մարդիկ ուզում են գնալ և ճանապարհ փակել»,-ասաց նա:

Մարզի բնակիչ Աստղիկ Մարգարյանը վարչապետին կոչ արեց հետևողական լինել մարզում արմատական փոփոխություններ իրականացվեն, նոր վարչության պետեր նշանակվել: «Այլապես հնարավոր չէ այնտեղ ապրել»,-ասաց նա:

Այս թեմայով
am