Մանվել Գրիգորյանի գործով քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը (ֆոտո)

Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմի միջնորդությամբ բժիշկ–էնդոկլինոլոգ Լուսինե Մամիկոնյանը ներգրավվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում։

Մարտիրոսյանը դատարանին հայտնեց, որ 18 տարվա աշխատանքային փորձ ունի, որից 5 տարին բաժնի պետ է եղել։

Դատարանը փորձագետին պարզաբանեց իր իրավունքներն ու պարտականությունները: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ փորձագետին բացարկ հայտնելու հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի նրա աշխատանքային փորձի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերին ծանոթանալուց հետո։ Այսպիսով դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց. Դատարանը ժամանակ տվեց բժշկուհուն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը՝ փորձաքննության կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Այս թեմայով
am