Հրապարակվել է աշխարհի ամենակարճ IQ թեստը

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը ստեղծել է աշխարհի ամենակարճ IQ թեստը, որը բաղկացած է ընդամենը 3 հարցից, գրում է Mirror պարբերականը:

Նշվում է, որ թեստը ստեղծվել է դեռևս 2005թ.-ին՝ որպես ճանաչողական ունակությունների թեստ, սակայն համացանցում այն հրապարակվել է միայն այժմ: Այն բաղկացած է հետևյալ հարցերից.

1. Թենիսի ռակետն ու գնդակը միասին 1 դոլար և 10 ցենտ արժեն: Ռակետը թանկ է գնդակից մեկ դոլարով: Ի՞նչ արժե գնդակը:

2. Տեքստիլ գործարանի 5 մեքենաները 5 րոպեում 5 իր են արտադրոմ: Քանի՞ րոպեում 100 մեքենան 100 իր կպատրաստի: 

3. Լճում ջրաշուշաններ են աճում: Ամեն օր նրանց քանակն ավելանում է 2 անգամ: Հայտնի է, որ 48 օրում ջրաշուշանները կծածկեն լճի ամբողջ մակերևույթը: Քանի՞ օր է հարկավոր, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի մակերևույթի կեսը:

Գիտնականը տարբեր ոլորտներից և կրթության տարբեր մակարդակներով 3000 մարդու շրջանում փորձարկում է իրականացրել, որի արդյունքում թեստին ճիշտ պատասխաններ է տվել մասնակիցների միայն 17%-ը:

Ֆրեդերիկը նշում է, որ թեստը միայն առաջին հայացքից է հեշտ թվում, սակայն ճիշտ լուծման համար հարկավոր է հրաժարվել առաջինը մտքին եկած պատասխաններից: 

Թեստի ամենատարածված պատասխաններն են՝ համապատասխանաբար 10 ցենտ, 100 րոպե և 24 օր, մինչդեռ իրականում ճիշտ պատասխաններն են՝ 5 ցենտ, 5 րոպե և 47 օր:

Այս թեմայով
am