ՀՅԴ-ն ներսում ընդդիմադիր է, դրսում՝ իշխանամետ

«Հրապարակ» թերթը գրում է. Հին ընկերներն իրենց սկզբունքներին չեն դավաճա­նում ոչ մի իշխանության ժամանակ. եթե ՀՅԴ-ն իշխանության մաս է կազմում, ապա հոգով ընդդի­մադիր է, եթե ընդդիմություն է, կուսակցությունում միշտ գտնվում է մի ստվար զանգված, որ իշխա­նության հետ սերտ կապերի մեջ է: Անցնող շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր, պատվիրակության հանդիպումնե­րի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների պակաս չի զգացվում՝ ՀՀ պատվիրակու­թյունը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկա­յացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, կոնգրեսականների, տեղի հայ համայնքի եւ հայկական մի շարք կազմակերպությունների հետ:

Բայց ուշագրավն այն է, որ ամերիկյան շրջանակների հետ մեր պաշտոնյաների շփումները չեն ստացվում՝ նրանց, որպես կանոն, իրենց զուգահեռ պաշտոնյաները չեն ընդունում: Եվ ԱԺ պատվիրա­կության հանդիպումներն օվկիա­նոսից այն կողմում կազմակերպել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, այսինքն՝ դաշնակցական ընկերնե­րը: Փաստն այս ուշագրավ է ինչ­պես կուսակցության՝ Հայաստա­նում ունեցած ընդդիմադիր դիրքորոշմամբ, այնպես էլ Արարատ Միրզոյանի՝ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքով պայմա­նավորված:

Ավելորդ է ասել, որ թավշյա իրադարձություններից հետո, երբ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը, լուրեր տարածվե­ցին, թե ՀՅԴ-ն երկու ճամբարի է բաժանվել՝ հայաստանյան ՀՅԴ եւ արտերկրյա՝ հատկապես ԱՄՆ արեւմտյան կոմիտեությունը: Դրսի ընկերները ժամանակին դեմ էին ՀՅԴ-ի՝ սերժսարգսյանական կոլալիցիա մտնելուն:  Բայց թվում էր, թե հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից, ՀՅԴ-իշխանություն ապահարզա­նից հետո այս կառույցը պետք է միասնական դառնար եւ հստակ ընդդիմադիր կեցվածք որդեգրեր, բայց պարզվում է՝ դրսի եւ ներսի ՀՅԴ-ականների դիրքորոշումնե­րը կտրուկ տարբերվում են: Եթե հայաստանյան ՀՅԴ-ն իշխա­նություններին սպառնում է «տուն ուղարկել», ապա ԱՄՆ ՀՅԴ-ն զբաղված է ԱԺ խոսնակի ամե­րիկյան այցը կազմակերպելով: Ինչպես է ստացվում, որ ներսում դաշնակցականներն ընդդիմադիր են, իսկ դրսում Արարատ Միրզոյա­նի ու Աննա Հակոբյանի կողքից չեն հեռանում: Մանավանդ, որ Միրզոյանը հին ընկերների նկատմամբ առանձնապես «սիրով» լցված չէ: Նա մի քանի առիթով հեգնանքով է խոսել ավանդական կուսակցության հասցեին:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am