Իրավական դաշտում գործը տանուլ են տվել. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դրդապատճառներն իրավական ոլորտից դուրս են և կարծում եմ, որ դրանք քաղաքական ոլորտում պետք է փնտրել։ Այն, ինչ հիմա կատարվում է, իրավական դաշտից ամբողջությամբ դուրս է հայտնվել։ Այսինքն, կատարվում է այն, ինչ օրենքով ընդհանրապես նախատեսված չէ, իսկ հաճախ` նաև ուղիղ արգելված է օրենքով, օրինակ՝ դատարաններ արգելափակելը, ՍԴ-ի վրա հարձակումները, այն բառապաշարը, որով նկարագրվում են մեր դատական համակարգը և դատավորները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելով։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա ևս մեկ տարի, Ալումյանը նշեց, որ կալանքը մեկ տարով միանգամից երկարաձգել չի լինի․ «Բայց այսօր ունենք համարյա այդպիսի իրավիճակ, երբ կալանքը կիրառված է անորոշ ժամկետով։ Այսինքն, անձն ամբողջությամբ հայտնվել է կամայականությունների դաշտում։ Օրենքի մեջ չկա դրույթ, որով կարողանանք ասել, օրինակ՝ օրենքի այս դրույթից ելենելով՝ առաջին ատյանի դատարանում գործը չի քննվում, որովհետև դատավոր Արմեն Դանիելյանը գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան»։

Ալումյանի խոսքերով, դատավոր Արմեն Դանիելյանի մոտ գործն  ընդհանրապես կարող էր չգտնվել, որովհետև Դանիելյանը գործը չէր էլ քննում․ «Դանիելյանը քննում էր երկու միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներ, և գործը կարող էր անգամ առաջին ատյանի դատարանից վերաքննիչ չգնալ։ Մենք այդպիսի գործեր շատ ունենք, երբ նմանատիպ իրավիճակներում գործն առաջին ատյանի դատարանում քննվելիս՝ կայացվում է ինչ-որ միջանկյալ դատական ակտ, որը բողոքարկվում է Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, բայց գործը զուգահեռաբար շարունակվում է քննվել առաջին ատյանի դատարանում։ Այսինքն, այս ամենն արհեստականորեն ստեղծված պատրվակներ են, խոչընդոտներ։ Իրավական դաշտում իրենք վաղուց տանուլ են տվել, իրենց մնում է միայն ասել, որ ուժն իրենցն է, ինչ ուզեն, կարող են անել, որովհետև կարմիր բերետավորներն էլ են իրենցը, սև բերետավորներն էլ, դատախազությունն էլ, ինչ կուզեն, կստորագրեն, ոնց կուզեն, կիրականացնեն։ Իրավունքի ուժն արդեն այստեղ չի գործում, այստեղ գործում է ուժի իրավունքը»,-ասաց Ալումյանը։

Այս թեմայով
am