Սաակաշվիլին Ուկրաինայում ընտրություններին ընդառաջ կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկել ոչ թե իր, այլ Զելենսկիի կուսակցության օգտին (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ ձայն տալ ոչ թե իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը, այլ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությանը: Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում

«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկիին հարկավոր է հնարավորություն տալ մեծամասնություն կազմելու համար՝ առանց զիջելու հին քաղաքական գործիչներին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տոկոսը կարևոր է»,- հայտնել է Սաակաշվիլին:

Քաղաքական գործչի խոսքով՝ նա չի ցանկանում, որ ձայները, որոնք կհավաքի իր կուսակցությունը, խանգարեն «Ժողովրդի ծառա» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելուն:  

«Բուռն քննարկումներից հետո ես աջակցեցի նման որոշմանը: Մենք խնդրում ենք մեր կողմնակիցներին աջակցել մեծամասնական ընտրական համակարգով առաջադրված մեր թեկնածուներին, իսկ ցուցակներով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ձայն տալ «Ժողովրդի ծառա»-ին»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հուլիսի 21-ին: Ըստ սոցհարցումների՝ Զելենսկիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 49,5%-ը: Ըստ հարցման՝ Սաակաշվիլիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 5 տոկոսից քիչ զանգվածը:

 

Այս թեմայով
am