Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկի Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կասկած չկա՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է: ՀՔԾ-ից հաստատել են, որ խուզարկություն տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում:

Ալումյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ 2019 թ. փետրվարին մի քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում է եղել: Նրանից ստացել են բացատրություններ, բոլոր նյութերը հավաքել են ու դրանից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել: Եվ այժմ, երբ Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել, դատախազությանը անհայտ հանգամանքներ առաջ եկան՝ քրեական գործը մերժելու մասին որոշումը վերացնելու ու այդ փետրվարյան հաղորդման հիման վրա Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում սկսվելու համար:

«Դատական օրենսգրքի Սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի մեջ ասված է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ: Այսինքն՝ այդ գործողությունները կարող են իրականացվել, եթե նախապես կա ԲԴԽ-ի համաձայնությունը, ինչը դատախազությունը չի ունեցել: Ես դա ասում եմ՝ դատախազության տարածած հաղորդագրությունից ելնելով, քանի որ այնտեղ նշված է՝ մենք իրազեկեցինք ԲԴԽ-ին, սակայն դատախազությունը նախապես պետք է ունենար ԲԴԽ-ի համաձայնությունը»,-մանրամասնեց նա:

Ալումյանը պարզաբանեց նաև՝ ինչու են հետաքրքրված դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականցվող «հետապնդումներով».

«Նախ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, երկրորդ՝ մենք չենք կարող չգիտակցել, որ Գրիգորյանի նկատմամբ արվածը մեսիջ է մյուս դատավորներին: Բոլորին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք Քոչարյանի գործով կայացնել որևէ որոշում Քոչարյանի օգտին, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի կարգավիճակում: Սրանից ավելի պարզ մեսիջ հնարավոր չէ որևէ մեկին հղել»:

Ալումյանը նաև նշեց, որ դեռևս հունիսի 27-ին իրենք միջնորդություն էին ներկայացրել առաջին ատյանի դատարան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու համար, սակայն մինչև օրս միջնորդությունը չի քննվել, մինչդեռ Քրեական դատավարության օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է՝ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անմիջապես դրանք ներկայացնելու հետո. «Այսինքն՝ օրենքն ասում է մի բան, պարոն Քոչարյանի նկատմամբ արվում է մեկ այլ բան: Դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ պատճառաբանում են, որ դատավոր Արմեն Դանիելյանը դատական գործի նյութերը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կարողանա քննի մեր միջնորդությունը: Մենք ստիպված եղանք գրել բոլոր ատյաններին ու խնդրեցինք՝ կողմնորոշվեք՝ ե՞րբ պետք է մեր այս միջնորդությունը քննվի»:

Ալումյանը նշեց, որ իրենք Դավիթ Գրիգորյանին ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի գործի կրկնօրինակները, սակայն Գրիգորյանի մոտ կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են դրանք:

«Այսքանից հետո մեզ պետք է ասեն՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արվածը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործ հե՞տ: Ոչ միայն կապ ունի, այլ ուղղակիորեն բխում է Քոչարյանի գործից»,-ընդգծեց Քոչարյանի պաշտպանը:

Այս թեմայով
am