Ինչու էր Մոսկվա-Երևան թռիչքից առաջ ինքնաթիռում ծուխ լցվել

Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։

Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական ստուգման ընթացքում։ Այս վարկածը հայտնի է դարձել Interfax-ի աղբյուրի միջոցով։ Պաշտոնական հաստատում, սակայն, այն դեռ չի ստացել։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։

«Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից էլ դուրս են բերել ուղևորների իրերը։ Ինքնաթիռում կրակի օջախ չի հայտնաբերվել։

Մինչ այդ, ականատես ուղևորներից մեկը պատմել էր, որ ծխի հայտնվելուց հետ սրահում իրարանցում էր սկսվել։ Ինքնաթիռում այդ պահին եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Իրարանցման ու տարհանման ընթացքում տուժել է 6 մարդ։

Ավիաընկերությունը, ըստ օդանավակայանի մամուլի քարտուղարի, ավելի ուշ տրամադրել է նոր ինքնաթիռ, որով ուղևորների մեծ մասն արդեն տեղափոխվել է Երևան։ Նոր թռիչքից հրաժարվել է 28 մարդ, որոնցից 2-ը տուժողներից են. նրանք հոսպիտալացվել են։

Այս թեմայով
am