Այս պատմության վերջում Կարապետյաններից ներողություններ խնդրողները շատ են լինելու. Հակոբյան

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հայտնվեցին գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող արարքների, ապա Հայաստանի քննչական կոմիտեի՝ նրան առաջադրած մեղադրանքի մասին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ քերական անցյալ ունեցող մի երիտասարդ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե Նարեկ Կարապետյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ և 10 միլիոն դոլար պահանջել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաղորդում ներկայացրած անձը Ռուաստանում հայ գործարարի առևանգման, խոշտանգման և դրամաշորթության համար դատապարտված և, նախքան դատաքննության մեկնարկը, գրավի դիմաց ազատ արձակված Վահե Պարազյանն է: Նրա հայրն էլ՝ Աշոտ Պարազյանը, ինչպես պարզվեց, դեռևս 2016թ.-ին Կարապետյանին պատկանող ընկերությունից խոշոր գումար հափշատակելու համար սկանդալային ձևով հեռացվել էր «Տաշիր» ընկերություններից: Պարզ ասած, Նարեկ Կարապետյանի դեմ վկայություն տված անձն ու նրա ընտանիքը մինչև ուղնուծուծը ներքաշված են մութ ու հանցավոր պատմությունների մեջ:

Բայց սա չխանգարեց Հայաստանի իրավապահներին քրեական անցյալ ու անձնական մոտիվներ ունեցող 1 անձի ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրել Նարեկ Կարապետյանին: Մինչդեռ, բավարար է անգամ համեմատել Վահե Պարազյանի և Նարեկ Կարապետյանի անցյալը, հրապարակային մեկանաբանությունների ոճը, կեցվածքն ու ակնհայտ է դառնում, որ եթե նշված երկու անձանց մեջ կա բռնությամբ, քրեական աշխարհի կանոններով ու շանտաժով հարցեր լուծող, ապա դա վստահաբար Նարեկ Կարապետյանը չէ, ում ճանաչում եմ՝ որպես հավասարակշռված և համեստագույն անձ, լավ ուսանող(ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում միջազգային էներգետիկ անվտանգություն առարկան եմ դասավանդել):

Ուշագրավ է նաև այն, որ ենթադրյալ միջադեպի մասին հրապարումները մամուլում հայտնվեցին դեպքից 7-8 օր անց: Եվ երբ համադրում ենք այն փաստը, որ Վահե Պարազյանը Մոկվայում իր առաջիկա դատավճռին ընդառաջ փորձել է սկանդալ հրահրել Նարեկ Կարապետյանի անվան շուրջ և իր հայցադիմումը վերցնելու դիմաց աջակցություն կորզել Սամվել Կարապետյանից՝ ՌԴ-ում իրենց կալանքից ազատելու հարցում, պատկերը ամբողջովին ուրվագծվում է: Ըստ էության, Վահե Պարազյանը մեկ շաբաթ շարունակ փորձել է բանակցել Կարապետյանների հետ այս, այսպես կոչված, «բարտերը» կյանքի կոչելու համար, և մերժում ստանալուց հետո իսկական սկանդալ է կազմակերպել:

Մինչդեռ այս պատմությանն անծանոթ շարքային քաղաքացիներին անգամ պարզ է, որ արհեստականորեն փորձ է արվում ստվեր գցել Կարապետյանների ընտանիքի անբասիր անվան վրա, ինչի մասին նաև ասել է Նարեկ Կարապետյանը՝ իրեն վերագրվող այս պատմությունը որակելով բանսարկոթյուն ու հեղինակության արատավորման փորձ:

Ի դեպ, Սամվել Կարապետյանի և նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի երեխաները այս տարիների ընթացում երբեք աչքի չեն ընկել որևէ անպատեհ պահվածքով, ինչը ժամանակին հատուկ էր հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդկանց զավակներին: Մամուլում ու մասնավոր զրույցներում չի գտնվի գեթ մեկ փաստ, որ Կարապետյանների զավակներից որևէ մեկը օրենքից դուրս արարք է իրեն թույլ տվել: Նրանք հանրությանը մշտապես ներկայացրել են իրենց ընտանիքի միջոցներով իրականացած ներդրումային ու բարեգործական ծրագրերի շրջանակում՝ դրսևորելով առանձնակի համեստություն ու զսպվածություն:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը վկայում է՝ այս պատմությունը շինծու է. Նարեկ Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը հայտարարում է, թե Կարապետյանը պահանջել է, որ 10 միլիոն դոլար տա, բայց ոչ թե անձամբ իրեն, այլ Արցախի աջակցման հիմնադրամին:

Այսինքն ստացվում է, որ Նարեկ Կարապետյանը փորձել է շորթում կատարել հանուն հայրենիքի՞, հանուն Արցախի՞: Իսկապես անհեթեթ պատմություն է: Պարազյանն ու նրա հայտարարությունների հիման վրա քրեական գործեր հարուցողները գոնե մոտավոր պատկերացնում ունե՞ն, թե Կարապետյանների ընտանիքը քանի տասնյակ միլիոն դոլարների ներդրումային ու բարգերծական ծրագրեր է իրականացրել ու շարունակում իրկանացնել Արցախում և Հայաստանում: Դատելով դեպքերի ընթացքից՝ ո՛չ, չունեն:

Կարապետյանները սեփական աշխատանքով արտերկրում աներևակայելի հաջողության հասած մադրիկ են:

Մարդիկ, որոնք ունենալով ցանկացած երկրում երջանիկ ու ապահով ապրելու բոլոր հնարավորությունները, ոչ մի րոպե չեն կտրվել իրենց արմատներից: Մշտապես եղել են ու կան հայ մարդու կողքին: Եվ այդ ներկայությունը նրանք ապացուցում են ամենօրյա աշխատանքով, ռեալ արդյունքով, այլ ոչ թե կենացներ հիշեցնող հայրենասիրական ճառերով ու պոպուլիստական ելույթներով:

Այսօրվա իշխանությունները ամենաբարձր մակարդակով հաճախ են կրկնում, որ մերօրյա հերոսը սեփական աշխատանքով բարիք ստեղծող մարդն է: Կարապետյանները, վստահաբար, մերօրյա հերոսներ են. իսկական հերոսներ, որոնց հայրենասիրության շնորհիվ մենք ունենք զարգացող Հայաստան ու Արցախ:

Եվ ցավալի է, որ ոմանք տրվում են էժան մանիպուլյացիաներին և պարարտ հող են ստեղծում, որ անձնական հաշիվեր ու սեփական հաշվարկներ ունեցողները անհիմն շահարկեն արժանավոր մարդկանց անունը:
Մի բան հստակ է՝ այս պատմության վերջում Կարապետյաններից ներողություններ խնդրողները շատ են լինելու:

Միհրան Հակոբյան

Այս թեմայով
am