Սևանա լճում մաքրման կայաններ կտեղադրվեն․ լճի պահպանության հանձնաժողովի նախագահ

Բավական ծանր վիճակում է Սևանա լիճը, հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք. դեռևս կազմակերպված աշխատանքները հնարավորություն չեն տվել լուծել խնդիրները․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Ջավադյանը մի քանի պատճառ նշեց, թե ինչից են նման խնդիրներ առաջացել։ Ըստ նրա, տարածաշրջանը կոյուղացված չէ (կոյուղու համակարգով հագեցված չէ/ խմբ.), մասամբ կոյուղացված են տարածաշրջանի միայն քաղաքները՝ Գավառը, Մարտունին, Վարդենիսը։ Ըստ նրա, մաքրման կայաններ կան, որոնք հիմա ավելի շատ աղտոտում են, քան մաքրում։

«Տարեկան 240 տոննա կեղտը, որ հավաքում է մաքրումից, տանում են քաղաքի աղբավայր լցնում, հետո էլի հետ է գալիս»,-ասաց նա։

Մասնագետը շարունակեց, թե Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացումից առաջ 700 հա տարածք պետք է մաքրեին, մինչդեռ ծառերը կտրել են, կոճղերը մնացել են ջրի տակ, նաև շինություններ են մնացել ջրի տակ:

Ըստ Ջավադյանի՝ Սևան թափվող 28 գետերից եկող ջուրը պակասել է և ջրի արագ բարձրացում հնարավորություն չի եղել:

Յուրի Ջավադյանը նշեց, որ անձամբ զեկուցել է վարչապետին, հանձնարարականներ տրվել են և սկսել են աշխատանքներ կատարել երկու նախարարությունների հետ։

Նա նշեց, որ արդեն 10 հա տարածքում տեղադրել են մաքրման մեխանիզմներ, որտեղ միկրոբների մաքրում է կատարվում և այնտեղ որևիցե ծաղկում չի նկատվել։ Ջավադյանի խոսքով՝ երեք մաքրման կայաններ արդեն գործում են: Իրենք առաջակել են երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք բավական մատչելի են։

Նա նաև հայտնեց, որ այդ ամբողջն անելուց հետո այլ կարևոր միջոցառում են անելու՝ 3-4 գետերից հոսքեր են բերելու Սևան։ «Նախ մաքուր ջուր կունենաք լցված, հետո էլ ջրափոխանակության ժամանակ էլ ջրանկման որևիցե նշյուլ չի լինի»,-ասաց նա։

Այս թեմայով
am